Հաճի Սառա ուսերը թոթվեց քանի մը անգամ ու շարունակեց.
-«Հարցաքննությանց պահուն՝ այնպիսի հարցումներ ուղղեր էին, որ կարծես ըսել կուզեին. «Ինչո՞ւ ազատեցաք, ինչպե՞ս կըլլար, որ կապրիք»…: Անդին՝ ոճրագործություննին ապացուցված մարդիկ ազատ արձակված են ու երբ մեր քովեն կանցնին կդառնան լրբությամբ, կնային երեսներնիս… ահավասիկ»:
Հաճի Սառա իր պատմությունն ավարտած էր, երբ ասդին-անդին ցրված ցանցառ հայեր լսելով մեր ժամանումը՝ եկեր էին մեզի տեսնելու. կիներ, դարձյալ կիներ, հետո հաճնցի ուսուցիչ մը, որ ազատեր էր Զատկի արձակուրդի պատճառավ մեկնած ըլլալով Օսմանիեեն: Նիհար և պզտիկ մարդ մըն էր այս վերջինը, համակրելի երևույթով, որուն չքավորությունը պարզապես կըմբոստացներ մեզի, մաքուր և ընտրված ոճով մը կխոսեր և նույնպես շատ չափավոր էր իր բացատրություններուն մեջ: Աղետեն անմիջապես ետքը վերադարձած ըլլալով Օսմանիե, անմիջապես ձեռնարկեր էր աշխատության և պատրաստեր էր այրիներու և որբերու ցանկը: Կարճ էր այդ ցանկը բաղդատմամբ ուրիշ տեղերու: Ու երբ հայտնեցինք մեր զարմացումը, բացատրեց.
-Օսմանիեի մեջ կիներն ու տղաքը հրդեհի զոհ գացին:
Ինչպես ամեն տեղ, հոս ալ ընդառաջ երթալով մեր փափագին՝ առաջնորդեցին մեզի ավերակներն այցելելու:
Անգամ մըն ալ արկածյալներուն չարաբաստիկ թափորը զգացինք մեր ետևը: Բայց Ղարս-Բազարի պես չէր. ամենուն սիրտերը կվառեին անդարմանելի սուգով… այրիներ ու մայրեր էին մեզի հետ եկողները: Ու մինչ որբերը վազելով կերթային իրենց ընտանի ճամփաներուն վրայեն, սգավորները լուռ և վշտահար կքալեին սիրելիի մը հուղարկավորության գացողի մը պես:
Հանկարծ կեցան ու մենք ալ հնազանդեցանք իրենց: Դիմացնիս կպարզվեր անվերջանալի հաջորդություն մը պարտեզներու. թթենիներու խիտ շարքեր տեղ-տեղ անտառակներ կկազմեին ու ծառերու մեկ խումբեն մյուսը, մեկ պուրակեն մյուսը պատատուկ, պտուտքող և մագլցող խոլ բուսականություն մը հովանիներ կկազմեր, կլիսիններու ողկույզներն իրենց ծանրութենեն կդողդոջեին, ու որթատունկերու