Այս էջը հաստատված է

Դ.

ՈՐԲԵՐԸ ՀԱՅ ՄԱՅՐԵՐՈՒՆ

Հա՛յ մայրեր, ձեզի կնվիրեմ այս գրությունս, ինչպես ահավոր և անպատմելի աղետը՝ ձեր խնամակալության, ձեր սիրույն կնվիրե հազարավոր որբացածներ: Իրենց անունը լսած ատեն մի՛ խորհիլ այնպես, ինչպես սովոր են խորհիլ հեռավոր և տարտամ դժբախտության վրա այլ յուրաքանչյուր որբի մեջ ձեր զավակը տեսեք ու ամեն մեկ հատի համար առանձին տառապեցեք, ու ձեր սիրտերը լայնորեն, անսահմանորեն բացեք այս անակնկալ, այս վշտագին մայրության:

Դեռ Մերսին չհասած, ճամփորդության միջոցին իմացանք թե ադանացի որբեր կան պատսպարված Իզմիրի մեջ Գերմանական որբանոցը: Երբ Իզմիր հասանք, ցավագին, ջղագրգիռ անհամբերություն մը զիս մղեց տեսնելու այդ քսան և վեց որբերը. ասիկա մեր առաջին հանդիպումը եղավ արկածյալներու հետ:

Մայրապետը, նիհար, ազնվական դեմքով կին մը, մոխրագույն մազերով, երկարորեն պատմեց մեզի այրիացած մայրերուն հուսահատությունը, ոմանց տրտմությունը և գրեթե ամենքին վարանումը իրենց զավակները հանձնելու մեջ:

«Աոաջին անգամ, երբ լսեցի Ադանայի դեպքերը, պարտական զգացի ինքզինքս տեղին վրա գտնվելու, անմիջապես ճամփա ելա հայ օրիորդի մը հետ, որ 95-ի դեպքերուն որբացածներեն էր և որ հիմա իմ լավագույն օգնականներես մեկն է… Մեր միսիոնը տաժանելի ու դժնդակ էր. երևակայեցե՛ք անգամ մը. Ադանա այդ միջոցին դժոխք մըն է. դեռ տաք մոխիրներուն վրա ոգևար մայրեր, վիրավորված և խեղանդամ մայրեր, իրենց զավակները կհանձնեին մեզի, սիրտներնին հանգիստ մեռնելու համար: Հաճախ անմիջապես կզղջային… մեր ետևեն կգոչեին ու իբր թե իրենց զավակը հափշտակած