ծիլեր կթրթռային ոստերուն վրա: Կապույտ և անբիծ երկինքին վրա արևը կճառագայթեր վեհապանծ գեղեցկությունով մը, ու անհամար ճաճանչներ մաղվելով տերևներուն և խիտ ճյուղերուն մեջտեղվանքեն կերթային կխաղային շուքերու մեջ բեկբեկվելով և լույսի քմահաճ խաղեր ու արատներ հորինելով…:
Այդ պարտեզներուն մեջ էին Օսմանիեի ավերակները:
Առաջին նայվածքով ոչ մեկ բան կարելի չէր նշմարել: Թաղեր չկային հոն, այլ պարտեզներու մեջ առանձնացած տուներ, ու թշնամին մեկիկ-մեկիկ այրած էր այդ տուները:
Խոր ու հանդիսավոր լռություն մը կշրջապատեր մեզի, կարծես բնության ներշնչած սքանչացումն ալ ավելի սուր ցավով կանդրադարձներ մեզի աղետին:
Քանի մը քայլ առինք ու, այդ շպարող գեղեցկության ներքև, երևան եկավ ցուրտ, գերեզմանային իրականությունը: Ընդարձակ տան մը ավերակն էր. տերերը չկային, ամենքն ալ սպաննված էին, և ավերակներու մոխիրներուն մեջ խառնված էր նաև դժբախտ տնեցիներուն աճյունները, ո՛չ այրի, ո՛չ որբ կար այս տունեն, բայց ուրիշները կուլային ավերակներու վրա և նույն սրտագին եղանակով, որ կխոսեին իրենց սիրելիներուն վրա, կխոսեին անհետացածներու մասին: Ու մինչ արկածյալները հետզհետե ավելի եռանդով կսգային, ինծի կթվեր, որ տանը ոգին կանգուն կեցած մեր դեմ խոժոռ ու եղերական՝ մտիկ կըներ մեզի…:
Ետև դարձանք ու միջոց մը թափառեցանք թթենիներու պարտեզի մը մեջ… «արդյոք կարելի է՞, կարելի է՞…» կխորհեի մեքենաբար, երբ խելագարված այրիի մը կցկտուր մեկ երգը սթափեցուց զիս. տղաքն ալ ավելի կմոտիկնային մեզի, ցույց կուտային շատ մը ուրիշներու, ուշադրութենե վրիպած կետեր, կշահագրգռվեին մեր խորհրդածություններով, մեր ցավի և ըմբոստության աղաղակներով: Մեր առաջքեն վազելով գացողները կվերադառնային մարդկային ածխացած ոսկորներով և կպատահեր երբեմն, որ գտնված կերպասի կտորե մը կամ որևէ առարկայե մը ճանչնային իրենց ծնողքներուն կմախքները…:
Արահետներեն անդին, որոնք ծածկված էին գետնին վրայեն սողոսկող