և մագլցող բույսերու առատության մը ներքև, գտանք քանդված օջախներ… փսիաթի խանձած կտոր մը հրաշքով մնացեր էր: Չափահաս աղջիկ մը մոտեցավ կեցավ դիմացը ու հետո մեզի դառնալով ըսավ.
- Հայրս հոս կնստեր…
Իր թուխ ու համակրելի դեմքին վրա արցունքները չէին թափեր ու ուրիշ բան ալ արտասանելու անկարող էր: Երբ իր մեռելի պես ճերմակ շրթունքը շարժեց խոսելու, կարծեցինք, թե իր վիշտն ու գանգատը պիտի հայտներ, բայց անիկա ցավագին խելահեղ նայվածքը մեր աչքերուն հառելով կրկնեց պարզապես.
- Հայրս հոս կնստե՜ր…
Հետզհետե մեր սրտին անձկությունն այնպիսի սաստկության մը կհասներ, որ ֆիզիկական ցավ կպատճառեր: Անորոշ մրմունջ մը կպտուտքեր այրիներու շրթունքներուն վրա. կերգեի՞ն թե կաղոթեին… իրենց ցավին հիմարեցուցիչ արբեցությունը կպատեր նաև մեր գլուխները. աշխարհիս վրա ոչ մեկ տեղ գոյություն չէ ունեցած այդպիսի դժբախտություն: Մայրեր քանի մը անգամ սգավոր էին, այրիները չէին գիտեր, թե իրենց ամուսինի՞ն, հո՞րը, թե եղբորը վրա լան. և յուրաքանչյուրին բազմապատիկ վիշտն ալ ավելի կընդլայնվեր հավաքական դժբախտության մեջ:
Երբեմն ալ քարացած ու անշարժացած իրենց ցավին մեջ, անտարբեր կթվեին, բայց հանկարծ ցավագարի պես աղաղակելով կխոսեին ու կխոսեին, լորձունքը կվազեր թուլցած շրթունքներե, արցունքները կժայթքեին ու գալարված մատներով կուրծքերնին կբզկտեին, մազերնին կփետեին ու այսահարի պես անդամներնին կպրկեին մինչև որ անկենդան իրի մը պես թավալգլոր իյնային իրենց տանը մոխիրներուն մեջ:
Շատ տեղ հայերը փախած ըլլալով հրդեհված տուներեն, հրացանով զարնված էին…: Դեպքին հաջորդ օրերուն դիակները թաղած էին ավերակներուն քով, այնպես որ յուրաքանչյուր մոխրացած տան կողքին կգտնեինք մեկ կամ երկու հողակույտեր: Ամեն անգամուն արկածյալներու խումբին մեջեն հերարձակ մայր մը կվազեր դուրս, և հաճախ ճերմակ մազեր, բամբակի ծվեններու պես, կթռչկոտեին