աստղեր կնշուլեին անամպ երկնքին վրա. քիչ հետո լուսինն ալ բարձրացավ և ծառերուն մեղմորեն տատանող գագաթներն արածաթյա ցոլքերով պսպղացին:
Ծալլապատիկ, այտերնին կռթնցուցած ափերուն, պառավները նստած էին մեր քովը. անդին ոտքի վրա կեցած էին նոր հարսերը, ամենքն ալ այրի. դեռատի աղջիկներ կերթային կուգային ծառայություններ ընելով:
Մեր քովն է նաև Հաճի Սառան, արձանի պես անշարժ ու սև զանգված մը կազմելով մյուսներուն շարքին մեջ: Իր դեմքն ավելի խստացեր էր, հոնքերը խոժոռցեր էին ու աչքերն ուռած էին դեռ նոր թափած արցունքեն:
Վերջապես աղջիկները բերին խոշոր լապտեր մը և դրին գետինը, մեր դիմացը: Աղոտ և տմույն լույս մը դողդոջելով իրիկվան հովեն, կլուսավորեր անշարժ ծունկերն արկածյալներուն և մինչև վերջ չէր բարձրանար, այնպես որ դեմքերը մութի մեջ կմնային: Այս ծանր ու տաժանելի լռության մեջ էր, որ վրա հասավ տեղին քահանան: Կիներու մեջ անորոշ շշունջ մը լսվեցավ, և Հաճի Սառա խախտեցավ իր անշարժութենեն: Մութին մեջ տեսա, որ իր աչքերը կվառեին ատելությամբ և արհամարհանքով:
Քաղաքավարական կարգ մը խոսքեր փոխանակելե ետքը, քահանան հայտնեց, թե իր այցելության նպատակն էր մեր միջնորդության դիմել, համոզելու համար այրիները, որպեսզի ընդունին կառավարության ներկայացուցած ծրագիրը շինությանց մասին: Այդ խնդիրը հրատապ այժմեություն ուներ այն ատենը արկածյալներուն համար: Կառավարությունը հանձնաժողովներ կկազմեր, ամեն հրդեհված վայրերու մեջ ու անոնց կհանձներ ծրագրին մշակությունը: Ընդհանրապես տարտամ բարոյականով մեկ կամ երկու հայեր կգտնվեին այդ հանձնաժողովներուն մեջ, որոնք ստրկաբար ձայն կուտային տեղին մեծամեծներուն քմահաճույքներուն համեմատ: Արկածյալ ժողովուրդին ատելությունն ու զայրույթը չափ չուներ. կճնշեին, կգոչեին, կպաղատեին, ու հետո հոգնած, ամեն բան կլքեին՝ առանձնանալու համար իրենց սուգին մեջ: Ու հանձնաժողովի հայ անդամներն օգուտ կքաղեին այդ րոպեներեն: