Օսմանիեի քահանան շինությանց հանձնաժողովի անդամ նշանակված էր. ու խրոխտացած՝ գայմագամին հետ հաճախ տեսնվելե առիթ ունենալեն՝ իր գունաթափ վերարկուին փեշերը ժողվտած կխոսեր ու կհրամայեր` առանց մտիկ ընելու այրիները. անեծքներ, նախատինքներ ու բողոքներ կծածկեին իր ձայնը. ժողովուրդը հրահրված էր զայրույթով և ամենուն ատելությունը կփայլատակեր արցունքներու ետևեն:
Տեղի չպիտի տային. Հաճի Սառա գլուխ կեցեր էր. թշնամին այլևս ի՞նչ կրնար ընել իրենց դեմ, զարնելու տեղ մնացե՞ր էր, որ զարնեին: Մայր մը դողդողալեն` կհեծեծեր. «Զավակներս հողին տակն են, իմ ի՞նչուս պետք, որի՞ համար օջախ պիտի շինեմ. թո՛ղ պակաս ըլլա»: Չպիտի ընդունեին, ու ըմբոստացած իրենց եղած առաջարկեն, կբացականչեին.
- Հինգ կանգուն քառակուսի հյուղակ մը մեկեն մինչև հինգ հոգինոց ընտանիքի համար. գերեզմա՞ն կշինեն կոր, ըսե՛ք:
Երբ ճարահատ քահանան, գրեթե վտարվելով արկածյալներեն, մեկնեցավ, ներկաները հանդարտեցան ու նորեն յուրաքանչյուրն ինկավ իր սուգին դառնության մեջ. կըսեին ու կարտասվեին և ամեն մեկը կմրցեր մյուսին հետ իր ցավով և վիշտով, գովասանքը կընեին անհետացողներուն և կողբային յուրաքանչյուրին վրա առանձին. երբեմն սուր, տիրական հառաչանք մը օդը կպատռեր, և ամենքը լռելով մտիկ կընեին.
- Վա՜խ… Նշանս, վա՜խ…:
Վարի հարկերեն ուրիշ ձայներ կբարձրանային, կխառնվեին հառաչանքներուն, կամբողջացնեին զանոնք.
- Ցավրո՜ւմ… յավրո՜ւմ…:
Հետզհետե ձայները մարեցան ու մեզ շրջապատող պառավները ցրվեցան ասդին-անդին. գետինը տախտակամածին վրա տարածված կքնանային: Անոնք, որ ցնցոտիներ ունեին գլուխներուն տակ, բախտավոր և հարուստ կհամարվեին: Մեր դիմացը լապտերին մեջ մոմը կհատներ և մենք վերջապես հաղթված հանգիստի պահանջքեն, կդիմեինք այն անկյունը, որ մեզի վերապահված էր: Պահ մը ետքը ամենքն ալ պառկած էին, միայն Հաճի Սառային հաղթանդամ