ըլլայինք իրենց գիրկեն, սրտմտած ու ցավագին աչքերնին մեզի հառած կպաղատեին, որ մանկիկը վերադարձնենք: Անհրաժեշտ էր անխոնջ համբերությամբ համակերպվել իրենց փոփոխվող տրամադրություններուն:
«Մեր քովը կմնային այն տղաքը, որոնք ծնողքնին կորսնցուցած, վիրավոր և կիսամերկ կթափառեին ավերակներուն մեջ. երբեմն նույնիսկ այս փախստական փոքրիկները, այս ահաբեկած և ուղեկորույս որբերը կգտնեին իրենց մայրերը, երեսնին արյունով ու փոշիով ծածկված կիներ, աչքերնին կուրացած արցունքեն, հաճախ վիրավորված, տաժանելիորեն կսգային և գավակնին ետ կառնեին, երբեմն կհայհոյեին, երբեմն կսպառնային մեզի, մատակ առյուծի ուժգնություններ կար իրենց շարժումներուն և խոսքերուն մեջ… նույն այդ կիները երկու օր ետքը վատուժցած անոթութենե և վատթարացած ֆիզիկական ցավերե, կբերեին իրենց զավակները ու կրկին կհանձնեին մեզի ու այլևս, առանց խոսելու, ետ կդառնային:
Այդ մայրերեն շատեր մեռած էին վերջեն:
Երբ մայրապետը մեզ կառաջնորդեր դեպի այն սրահը, ուր ադանացի որբերը պիտի գտնեինք, նրբանցքին մեջ հանդիպեցանք երիտասարդ սիրուն աղջկա մը, որ երկու տարեկան տղեկ մը ուներ գիրկը: Երկուքն ալ որբ էին, և առաջին դեպքերու հայ որբուհին՝ մայրություն կըներ երկրորդին:
Գլուխը մեկ կողմ ծռած, աչքերը մթին ու անսահմանելի խռովքով մը լեցուն այդ մանկիկը, դաժան ու կասկածոտ, ակնարկը սևեռած էր գետին:
Երբե՛ք, այն օրեն ի վեր, որ զինքն առեր էին դիակնացած հոր դիրքեն, երբեք գլուխը չէր բարձրացուցած և ոչ մեկ օր իր մանկական աչքերը չէին ժպտած. ի՜նչ անօրինակ և իր երեխայի հասկացողության հետ անհաշտ պատկեր դրոշմած էր իր մատղաշ ուղեղին մեջ. ի՞նչ տեսած և ի՞նչ հիշատակ պահած էր տեսածեն. ի՞նչ ցավով էր, որ կտառապեր այդ հեք տղեկը, ան ի՞նչ տրտմություն էր աշխարհի ու մարդոց դեմ ու ինչ խորունկ, անհատակ յուրահատկություն կար իր թոթովելու անվարժ շրթունքներուն վրա:
Գիրուկ էր ու գեղեցիկ, ճակտին վրա խարտյաշ խոպոպիկներ