տար, որ սայլ մտնենք.
- Ի՞՛նչ, պիտի մեկնի՞ք, ի՞նչու եկաք, ինչո՞ւ կերթաք… մեզ մինա՞կ պիտի ձգեք, մեզ ո՞րու պիտի ձգեք…
Կջանայինք իրենց բացատրել մեր կացությունը, մեր մեկնելու ստիպողականությունը, բայց անոնք մտիկ չէին ըներ, կկառչեին մեզի, քղանցքներնես կբռնեին, կբողոքեին, կպաղատեին, կսպառնային և նույնիսկ կբռնանային.
- Կուգաք, կանցնիք, կերթաք: Հուսացինք ձեզ վրա, օրերով ձեր գալուն սպասեցինք, և հավատացինք, որ մեր ցավին դարման մը պիտի գտնաք, հիմակ նորեն մինակ պիտի մնանք, վա՜յ մեր գլխուն: Երբ կբացատրեինք իրենց հավատքին անհամեմատ մեծությունը մեր վրա, մեր անկարողությունը, գլուխներնին կշարժեին ու կարծես ալ ավելի եռանդով կկառչեին մեզի.
- Հոգ չէ՛, բան մի՛ ընեք, գերիդ ըլլամ, բայց մեր քովիկը կեցեք…
ժամանակը կանցներ, սայլապանը կանհամբերնար, ձիերը խրտչելով կվրնջեին ու մտրակը կշաչեր օդին մեջ: Թուրքեր տեսնելով այդ հավաքումը, այդ վայնասունները խիստ աչքով կնայեին մեզի: Եվ ահա վերջապես միջոց մը հաջողեցանք բարձրանալ սայլը, որ անմիջապես դղրդեցավ ճամփա ելավ և թավալվեցավ շուկային մեջեն:
Մեր ետևեն լսեցինք հետզհետե մարելով, այրիներուն և որբերուն կոչերն ու սրտաբեկ ականջ դրինք անոնց, այդ կոչերուն մեջ մաղթանք չկար, ոչ ալ բարի ճանապարհ, այլ բողոք, գանգատու թերևս անեծք մեր անկարողության համար:
Քանի ժամեր ի վեր ճամփա ելած էինք և Օսմանիե իր նոճիներով և թավուտ պարտեզներով շատոնց արդեն անհետացած էր վարդագույն մշուշի մը ետև: Միջօրեի արևն անգամ մըն ալ իր կիզիչ ճառագայթները կուղղեր մեզի:
Մենք կխորհրդակցեինք մեր ճամփորդության ծրագրին վրա. մտադրած էինք Սիսի մեջ հավաքված դրամը բաժնելով էրզինի բանտարկյալներուն, անմիջապես ճամփա ելլել և նույն իրիկունն իսկ հասնիլ Տյորթ Յոլ: Մտահոգ էինք միայն մեր բանտն ընելիք այցելության մասին, որովհետև եթե դժվարության հանդիպեինք և ուշանայինք