Տաժանելի էր մեր տեսակցությունը բանտարկյալներու հետ. հակառակ որ դիզված էին դռանը ետև, մեկիկ-մեկիկ կտեսնեինք զիրենք, երբեմն միայն կլսեինք զիրենք: Թուրք բանտարկյալներ շահագրգռված մեր երևումեն, կհրեին, կհրմշտեին ու կուզեին առաջ անցնիլ. մեր խոսակցությունը կընդհատեր հանկարծակի պայթող կռիվներով ու միջոց մը անլուր հայհոյություններ միայն լսելի կըլլային:
Վերջ դնելու համար այդ կացության, առաջարկեցինք մեզի ընկերակցող ոստիկաններուն, որ թույլ տան և մենք մտնանք բանտ, ինչպես կընեինք Ադանայի մեջ: Այդ ձևն անհարմար դատվեցավ` նկատողության առնելով թուրք բանտարկյալներու դրդված վիճակը. և մեր ստիպումներեն հոգնած, վերջապես՝ համաձայնեցան մաս առ մաս դուրս հանել հայ բանտարկյալները, մեզմե խոսք առնելեն ետքը, թե չարաչար չպիտի գործածենք իրենց վստահությունը:
Քիչ մը անդին, բանտին դիմաց աթոռներուն վրա նստեցանք: Մեր բանտարկյալները վեց առ վեց եկան մեզի: Հարկադրված ըլլալով թուրքերեն խոսիլ, չէինք հաջողեր մեր ամբողջ զգացումներն արտահայտելու. բայց կտեսնեինք անոնց դժբախտ դեմքերուն վրա գոհունակության ժպիտը. ու ասիկա մեզի լալու չափ կհուզեր:
Մեր բոլոր տեսակցությունը կկայանար մեկ քանի սովորական խոսքերու փոխանակության մեջ: Հետո իրենց բաժին ինկած նպաստը կուտայինք. գրեթե միշտ կմերժեին. ցույց կուտային կամ կնշանակեին անունն անոնց, որոնք իրապես պետք ունեին նպաստի, ու կարծես թևեր առած, ուրախությունով դեմքերնին պայծառ կնայեին մեզի անսահման խանդաղատանքով: Հուզմունքեն մեր կուրծքերը կուռեին, բառերը թոթովելով կարտասանեինք ու սեղմելով իրենց արի մարդու ձեռքերը` հրաժեշտ կառնեինք. պահ մը ետքը ուրիշներ կուգային:
Ինչպես Ադանայի մեջ, հոս ալ բանտարկյալներու միակ մտահոգությունն իրենց ընտանիքի անդամներուն վիճակն էր. մեզի կհանձնարարեին ըսել իրենց կիներուն, մայրերուն և քույրերուն, որ մտահոգ չըլլան, թե իրենք շատ լավ են բանտին մեջ, բան մը պակաս չէ, ու միայն կարոտով կտանջվին, բայց համոզված են նաև, որ շուտով պիտի արձակվին: Ու այս մխիթարությունները ղրկողներուն մեջ կային,