բանտարկյալներուն, որովհետև համոզված էինք, թե դրամ չէ, որ կտանեինք անոնց, այլ ընկերական ու եղբայրական խանդաղատանք, մեծահոգի ու վեհանձն զգացումներ ու մխիթարիչ արիություն…:
- Շո՜ւտ, շո՜ւտ, սայլապան, ձիերը քշե…
Սայլապանն ալ շահած էինք, ան ալ կբաժներ մեր խանդավառությունը, բայց ձիերը դանդաղեցան ու համեցանք ճամփուն վրա…: Ավա՜ղ, մեր այնքան փափագած այցելությունը չպիտի կարենայինք ընել բերդաքաղաքի աքսորյալներուն. որովհետև երբ Տյորթ Յոլ հասանք` շատ ուշ էր. ըսին թե աքսորյալները մեկնած ըլլալու են արդեն, ու հարկադրվեցանք մեր քով եղած դրամը բոսդայով ղրկել իրենց:
Էրզինեն Տյորթ Յոլ ճամփան չդադրեցավ գեղեցիկ ըլլալե. երկար ատեն ծառերու տեսքը կզովացներ մեզի, այլևս չէինք մտներ արևե այրած արտերու մեջ: Ճամփուն երկու կողմեն անտառուտ բլրակներ կբարձրանային և հեռավորություններու մեջ իրենց կողերուն գիծերը հաճելիորեն կուրվագծեին կապույտ մշուշի մը ետևեն: Ավելի հեռուն բարձրաբերձ լեռներ կկանգնեին ու իրենց գագաթները կկորսվեին երկինքին մեջ. փոքրիկ և ցած թուփեր կծածկեին ամեն կողմ՝ գեղեցիկ երանգներու հաջորդություն մը ներկայացնելով, և կարմիր մացառներ կուգային մինչև ճամփուն եզերքը, կզարդարեին ապառաժուտ և ցցված մասերը բլուրներուն և արևին մեջ երբեմն բոցավառ կթվեին:
Եվ ահա հեռուն տեսանք նաև Միջերկրականի ընդարձակ տարածությունն արևին տակ շողշողուն, և որուն կապույտ և վետվետուն սահմանը կկորսվեր հորիզոնի գիծին մեջ:
Տյորթ Յոլ չհասած, ժամ մը առաջ բարկ և զգլխիչ բուրմունք զգալի եղավ, մեր շնչած օդը կարծես հետզհետե կթանձրանար հոտավետ մասնիկներով, նարնջենիներն էին: Քանի մը վայրկյան ևս, և ահա մտանք մթին և հոծ կանանչությանը մեջ նարնջենիի անտառին:
Օրերե ի վեր մեր պարտասած մարմինը, կարծես, հանկարծ հանգչեցավ այդ զով և բուրումնավետ մթնոլորտին մեջ: Ծառերը շատ խիտ տնկված էին ու տեղ-տեղ հազիվ թե երկինքի պատառներ կտեսնեինք: Նարինջները դեռ տհաս ու կանանչ, իրենց բոլորակը