-Շատ քիչ` ընդհակառակը. 67 հոգի մեռան ընդամենը, ան ալ պատնեշներեն դուրս:
Միջոց մը լռություն տիրեց, ու ամենքն ալ ամփոփվեցան իրենց մտածումներուն մեջ:
- Շրջակա գյուղերը նյութական շատ վնաս տվին,- ավելցուց հարուստ ագարակատեր մը. Նաճառլը, Օճագլը, Էոզերլի բոլորովին ավերակ դարձան, տուներն այրեցին ու նարնջենիները փչացուցին:
- Լսեցինք որ, - կըսե Նաճառլցի տանուտեր մը, Համիդիե զարնված է. հաճնցի Սարգիս ջարդին մեջեն փախչելով ու քսան անգամ կյանքը վտանգի դնելով եկավ Նաճառլը ու պատմեց, թե ինչպես Համիդիեի հայերը հանկարծակիի գալով, չէին կրցած պաշտպանվելու որևէ փորձ ընել: Նկարագրեց ահռելի աղետը և հասկցուց, թե անհրաժեշտ էր, որ անմիջապես կազմակերպվեինք…
- Ի՞նչ կտրիճ էր, ո՛ր, - կբացականչեն պառավները հիացումով, մորը ու ազգին պարծանք…
- Ի՞նչ եղավ հիմա, - կհետաքրքրվինք անմիջապես.
- Զինքը ձերբակալեցին ու մինչև հիմա բանտն է…
Ճնշիչ լռություն մը կհամրացնե ամենքը, իրարու երես կնային` կասկածելով և տարակույսով` ապագային համար:
- Ամբողջ օր մը դիմադրեցինք խուժանին,- կշարունակե նաճառլըցին. բայց վերջապես տեսնելով, որ պիտի հաղթվինք, որոշեցինք գիշերանց փախչիլ Տյորթ Յոլ: Հոս արդեն մտահոգ եղել էին մեր վիճակին վրա ու մեզի օգնության համար ղրկել էին Թոփլամա Օղլու Հաճի Հասան հարյուրապետը, որուն հանդիպեցանք ճամփուն վրա: Մենք զինված էինք և պարենավորված` վառոդով, բարեբախտաբար, որովհետև Տյորթ Յոլ անվտանգ առնելե առաջ քանի մը անգամ կռվելու ստիպեցանք ճամփան: Երբ հոս հասանք, կռիվը տաքցած էր. ու մենք ալ մասնակցեցանք ինքնապաշտպանության գործին:
- Փառք Աստծո, - կավելցնե սնանկացած հողատեր մը. - մեր վնասները միայն նյութական եղան, երբ լսեցինք Ադանայի և ուրիշ վայրերու պատահածները, մեր վիճակը երանելի թվեցավ մեզի:
Այդ մարդն Օճագլըեն էր. Օճագլը Տյորթ Յոլի հյուսիս արևմտյան կողմն էր: Ապրիլի երկուքին Ղուզու Ուճը կոչված և Իճատիե գյուղացի