Այս էջը հաստատված է

կաշխատեին մեզի հետ…: Երբ կռիվը սկսավ, բնականորեն խումբեր կազմվեցան. ձեռքերնին գրեթե զենք չառած մարդիկ առյուծ կտրեր էին. մեր մեջ կային ալևոր ծերունիներ և անպեխ պատանիներ:

- Ինչպե՜ս ընտրեցիք դիրքերը.

- Ատ ալ գրեթե ինքնաբերաբար եղավ:

Երիտասարդը պահ մը կբացատրե ռազմական կարգ մը մանրամասնություններ, որոնցմե բան չենք հասկնար: Բայց կխորհեինք, թե ինչպես առողջ ժողովուրդի մը հանճարն ամենագետ և ամենակարող է հարկ եղած ատեն:

- Վտանգը մեր հրամանատարն էր, կավելցնե ուրիշ մը. - մեծ ու պզտիկ հավասար էին ու ավետարանական եղբայրություն մը կար մեր մեջ. թշնամիներ ու սրդողածներ հաշտված էին իրարու հետ, որովհետև ամեն մեկն իր դրացիին բազուկին կարոտ էր, մեկտեղ կու լային և մեկտեղ կխնդային…:

Աչքերը կժպտին սիրելի հիշատակներու, կարծես այն օրը կփնտրե:

- Մեր սիրտերը միասին կզարնեին, - կավելցնե պահ մը ետքը. - որևէ պատահար ամենքս մեկ կամ կուրախացներ կամ կտխրեցներ: Կհիշեմ... պաշարման օրերուն էր: Մեր երիտասարդ քահանաներեն մեկը սովորություն ուներ, ձին հեծած, պատնեշներու շրջանն ընել օրը քանի մը անգամ, անիկա մեզի հետ կկռվեր ու միևնույն ատեն կհսկեր, որ տրամադրությունները բարձր մնային: Այդ միջոցին թեև լսած էինք, որ Ադանա և Համիդիե զարնված են, բայց մանրամասնություններ չկային: Օր մը սուրհանդակ մը հասավ լեռներեն. արյունի մեջե քալելով եկեր էր մեզի, դեռ ոտքերուն փոշին չթոթված` հևալեն ու հառաչելեն պատմեց քահանային՝ բոլոր տեսածները: Մենք պատնեշներուն առաջք բան մը չէինք լսեր, կտեսնեինք միայն քահանան իր ձիուն վրա, արևին մեջ, ճամփուն վրա կեցած, որ մեծ ուշադրությամբ մտիկ կըներ ծռելով դեպի բոկոտն սուրհանդակը: Հանկարծ քահանան շտկվեցավ ձիուն վրա. ամեն բան լսած էր և հուզմունքեն խեղդվելով, սկսավ հեծեծագին արտասվել: Վերարկուին քղանցքովը երեսը ծածկած էր ու աշխարհս մոռցած բոլորովին: Սուրհանդակը հեռացավ իսկույն: Ձին սկսավ շարժիլ առաջանալ, շարժված ըլլալով պատնեշներուն շրջանն ընել, գլխիկոր կանցներ