բոլոր զինվորյալներուն առաջքեն, այսպես քահանան երեսը վերարկուին քղանցքին մեջ ծածկած երեք անգամ պատնեշներուն շրջանն ըրավ ու իր հեծեծանքներեն իմացանք Կիլիկիո աղետին ահռելի համեմատությունը:
- Չսարսափեցա՞ք ու չընկճվեցա՞ք այդ հուսահատութենեն.
- Ո՛չ… ընդհակառակը, զայրույթը մեզի ա՛լ ավելի գրգռեց… միայն ծարա՜վը…
Այո՛, ծարավը Տյորթ Յոլի պատմության ամենեն ցայտուն դրվագն էր. ինն օր ջուրը կտրած էին. բայց վերջի երեք օրերը միայն կատարելապես առանց ջուրի մնացեր էին. փոքրիկ տղաքը մեռեր էին ահռելի տանջանքներով ու ամենուն երակներուն մեջ կարծես կրակ վառված, ջերմե կայրեին ու լեզունին կչորնար բերաններուն մեջ. իրիկվան խոնավության կցանկային, որ իրենց հրատոչոր և ցամքած մարմինները զովանան, խմեր էին ամեն կարգի ջուրեր. չորցուցեր էին թունավոր և գարշահոտ ճահիճները, որոնց կանանչորակ և լպրծուն ջուրը կըսեին թե «տաք էր արյունի պես»:
Երբ հուսահատությունը կատարյալ էր, ոմանք գազանի պես կատղած էին և ոմանք թուլցած ու թառամած բույսերու պես: Այդ միջոցին կիներն ու աղջիկները կուգային իրենց մոտ, հույս և հավատք կներշնչեին իրենց, պատրանքներով կօրորեին անոնց անհամբերությունը, ու երբեմն ալ նույնիսկ քանի մը ժամ, քանի մը րոպե շահելու համար, հեռուներեն կանցնեին պարապ դույլերը ձեռքերնին, որպեսզի կարծեցնել տան թե ջուր կա, ջուր գտած են…:
Երկար ատեն դեգերեցանք պատնեշներուն երկայնքին, որ կգրկեր բոլոր քաղաքը: Ամեն մեկ քար իր պատմությունն ուներ, մարթինի գնդակներ դուրսի կողմեն քերելով մաշեցուցեր էին անոնցմե շատերը: Միջոց մը նստեցանք գետինը՝ թավալված քարի դեզերու վրա, ու գրեթե անխոս նայեցանք մեր շուրջը, սիրտերնիս լեցուն այլևայլ կարգի զգացումներով:
Կազդուրված բարոյապես և ֆիզիկապես, հետևյալ առավոտուն մեկնեցանք Տյորթ Յոլեն, մեր հոգիներեն, սևն ու սուգը քանի մը օր հեռացեր էին, և այդ քաջ և վեհոգի մարդոց մեջ նոր ուժ և նոր եռանդ ստացած, շատ մը զգացումներու հետ անսահման երախտապարտություն կար անտարակույս: