Այս էջը հաստատված է

կարծես զզվանքով իր գրկեն դուրս փախած էր այդ ահավոր հրեշները, որոնց ամեն մեկան խղճմտանքը ծանրաբեռնված էր անլուր ոճիրներով: Իրենց դեմքը սարսափի ու նողկանքի զգացումեն անմիջապես ետքը, գերագույն գթություն մը կներշնչեր: Ու մենք մեր բնազդին խորեն այդ զգացումով դղրդված էինք: Դժբախտ էին անտարակույս այդ քստմնելի արարածները, որոնց երեսները կարծես երբեք արևեն չէր լուսավորված, ա՛յնքան խավարային բան մը ունեին, դժբախտ էին այդ ձեռքերը, որոնք քանդել և ոճիր գործել միայն գիտեին այդ տափակ և խուսափուկ ճակատները, որոնք չէին բարձրանար մարդավայել խրոխտությամբ, այդ աչքերը, որոնք մոլեռանդային պատկերներով լեցուն էին, և որոնք չէին ճանչնար արցունքին բարերար և ամոքիչ քաղցրությունը:

Ո՞ւր էին մերինները, գրեթե կարոտ ունեինք այդ բանտարկյալներու շարքին մեջ տեսնել խաղաղ, մտամփոփ և լուրջ դեմքերը հայ բանտարկյալներուն: Երբ քարավանին քով հասանք, ամենքն ալ սայլերուն մեջ էին ու ծածկված՝ մոմլաթե վարագույրներու ներքև, միայն իրենց թիկունքը կտեսնեինք, ու թեև բոլորովին անկարելի էր հարաբերության մեջ մտնել մեր բանտարկյալներուն հետ, հսկող չավուշեն իմացանք, թե բոլորն ալ սայլ ունեին, ու թե մեր ղրկած դրամը ժամանակին հասած էր իրենց:

Ավելի հանգստացած, շարունակեցինք մեր ճամփան քիչ մը հեռուեն, բայց մեր արագությունը հարմարցնելով քարավանին գնացքին:

- Ո՞ւր են մերինները…- կըսեինք ամեն րոպե ու սայլերը ծածկող վարագույրներուն ընդմեջեն կջանայինք ճանչնալ զիրենք:

- Ահավասիկ,- ըսավ հանկարծ ճամփու ընկերուհիս, մերինները դյուրին է որոշել, ամենքն ալ շղթայակապ են… Ամենքն ա՜լ, այո՛. նույնիսկ խեղճուկ քահանա մը. ու մինչ թուրք բանտարկյալներն ազատ էին իրենց շարժումներուն մեջ, հայերը խստությամբ կապված էին շղթաներով:

Ավելի չարագուշակ պատկեր չէր կարելի երևակայել. սայլին մեջ հայ բանտարկյալները նստած էին երկու շարքի վրա և շղթա մը մեկ ծայրեն մյուսը կերկարեր կապելով յուրաքանչյուրին թևերը ետևեն. այնպես որ եթե իջնեին՝ միասին պիտի իջնեին, եթե մեկն ուզեր շարժիլ՝