մեջ: Կտեսնեինք դարձյալ ածխացած ոսկորներ, արյունի սևցած հետքեր, պատառատուն և խանձած քուրջեր, ասդին֊ անդին դիակներ կամ մարդկային բեկորներ համրորեն տարրալուծելով արևին տակ՝ իրենց նեխությունը կարտաշնչեին, և տոթակեզ մթնոլորտը բոլորովին անշնչելի կդարձնեին: Մեր սայլը կեցավ ավերակներու մեջ: Ասդիեն անդիեն ցցվող ուրվականային դեմքեր, այրիներ և որբեր խուժեցին մեր վրա: Ղար Թերզիին տանը մոխիրներուն առաջքն էին հարյուրե ավելի հայեր, կիներ ու տղաքներ, որ մինչև առավոտ դիմադրեր էին: Բայց նենգավոր թշնամին դյուրավառ նյութերով ոռոգելե ետքը տունը, կրակի տված էր զայն, ամենքն ալ այրեր էին, իսկ փախողներն ալ հրացանի գնդակով զարնված էին: Հիմա այդ ոգորումի, այդ արհավրալի ոգևարի ժամերեն իբրև հիշատակ՝ մեր դեմ կպարզվեր ընդարձակ ավերակ մը: Հովը բարձրացնելով գետնի փոշին մոխրակույտեր կազմած էր, որոնք ճերմակ և փայլփլուն էին մարդկային ոսկորներու մոխիրով…:
Այդ տանն ավերակներեն անդին՝ հաջորդաբար կպարզվեին ուրիշ հրդեհված տուներու ավերակներ, մոխի՜ր… մոխի՜ր… արևը շեշտակի կիյնար այդ հուսահատության դաշտին վրա կարծես առանց տաքցնելու, որովհետև մահասարսուռ ցրտություն մը կբարձրանար գետնեն ու կդողայինք, սարսափելի կդողայինք…:
Մեր ետևը բնությունն իր ամենեն գեղածիծաղ երևույթներեն մեկը կպարզեր. գետը կճեղքեր բույսերով, և պուրակներով բեռնավոր ափունքն ու անբիծ երկինքին տակ վճիտ և կապույտ կսողար տարածվելով, կամարակապ և հնամենի կամուրջ մը պերճորեն կձգվեր գետին վրա:
Բայց մենք կնայեինք առանց տեսնելու, աշխարհս սևցած էր նորեն մեզի համար ու մահվան ստվերին մեջ էինք, ուրվականային դեմքերն այրիներուն կհեռանային, կկորսվեին հետզհետե մոխրակույտերու կամ ասդին- անդին կանգուն մնացած պատերուն ետև: Սայլը խլրտեցավ ու ճամփա պիտի ելլեինք: Անգամ մըն ալ մեր նայվածքը հառեցինք Ղար Թերզիի տանը մոխիրներուն, երբ այդ պահուն խելագարված այրի մը կառչելով մեր սայլին, կըսեր ողբագին ձայնով մը…
- Ծծկեր տղաք ալ կայի՜ն… ու անոնք կճչեն, բոլոր գիշերը կճչեն: