Գլուխը շարժեց ու պահ մը մնաց` կարծես մտածում մը փնտրելով, իր թուլցած շրթունքներեն լորձունքը կերկարեր մինչև կուրծքը, միջոց մը ահավոր քրքիջ մը օդը թնդացուց, բայց գրեթե անմիջապես իր արցունքոտ և ցավագին աչքերը տխրեցան ու ավելի մեղմ ձայնով մրմնջեց.
- Օրօր կըսեմ իրենց, բոլոր գիշերը, բայց կճչեն, հոգերդ առնեմ, կճչեն…
Սայլապանին մտրակը շաչեց ձիերուն գլխուն վրա, ու կհեռանայինք, կփախեինք գրեթե: Երկու ժամու չափ պետք է ձիերը հանգչին, որպեսզի կարենայինք մեկնիլ. ոչ մեկ կերպով կարելի չէր մեզի համար այդ գիշերն ավերակներու մեջ անցնել և հակառակ սայլապանին դժկամություններուն, պնդեցինք: Առավոտուն մեկնել էինք Տյորթ Յոլեն ու գիշերը կուզեինք Ադանա ըլլալ:
- Այսպես ճամփորդ չեմ ունեցած մինչև հիմա, - կգանգատեր սայլապանը…:
- Այսպես ճամփորդ երանի՜ թե այլևս չունենաս,- պատասխանեցինք իրեն, ու հորդորեցինք, որ համակերպի մեր որոշումին:
Այդ երկու ժամն անցուցինք Սապաթիե անուն ֆրանսացի ընտանիքին քով, որ նախախնամությունը դարձեր էր Համիդիեի այրիներուն: Այդ ընտանիքն իր տանը մեջ ապաստան տված էր հազարի չափ արկածյալ կիներու և տղաքներու, որոնց մեջ միայն յոթ այրեր կային, կասկածի և սարսափի բոլոր օրերուն ոչ միայն իրենց եռագույն դրոշակին տակ պաշտպաներ էին խելացնոր և սարսափահար փախստականները, այլև սնունդ և հագուստ հայթայթեր էին անոնց:
Քաղաքավարական ձևերին անմիջապես ետքը, երբ մենք ինքզինքնիս ծանոթացուցինք, տիկինը սկսավ խոսիլ դեպքին մասին: Համիդիեի մեջ մեռած էին զենքե և հուրե 800 հոգի, 300-ը դրսեցի: Թշնամիին անգթությունը չէր դադրած սոսկում և զարհուրանք պատճառելե այդ արևմուտքցիներուն. իրենք ականատես եղած էին և ինչ որ կպատմեին մեզի՝ տաք և բաբախուն իրականությունն էր:
- Թուղթի վրա գրված պատմություն չէ՛ ասիկա, - կըսե տիկինը, մեր աչքերովը տեսած ու մեր ականջներովը լսած էինք:
Չորեքշաբթի օրը Համիդիեի հայ հասարակությունը եկեղեցին էր ու քարոզ մտիկ կըներ, երբ իսլամ մը կուգա և քահանային կըսե, թե