թե ո՛րոնք սպաննված չեն ու կսպասեին, որ երևան գան: Մեկ տղաս զոհ տվի, բայց մյուսն ազատեցավ՝ հոս փախչելով: Տասը օր զիս չարչարեցին գալով և ողջ մնացած տղաս ուզելով:
- Ո՞ւր է հիմա տղադ,- հարցուցին իրեն օտար տիկինները… Կինը ձեռքովը տարտամ հեռավորություն մը ցուցուց և չպատասխանեց:
- Ինը տարեկան մանչ մըն է,- ըսավ տիկին Սապաթիե. սարսափեն ցավագար դարձած է գրեթե, այն օրեն ի վեր կվախնա լույս տեղ երևան գալու և կծածկվի մութ անկյուններու մեջ. իսկ երբ որևէ մարդ մոտենա իրեն, բոլոր մարմնովը կդողղղա, անհավատալի կերպով կդողդղա՜…
- Ձեռքը ձեռքիս մեջ սպաննեցին իմ յավրո՜ւս,- կգոչե ուրիշ կին մը արտասվելով. - ամենքն ալ մեռած էին ու ես ու վերջին տղաս մնացած էինք: Դեռ պզտիկ էր, հազիվ տասը տարեկան, արյունով թաթխված էի, բայց չէի գիտեր թե ի՞մ, թե զավակներուս արյունն էր, որ ժայթքած էր վրաս: Երբ տանը մեջ բոլոր ձայները մարեցան, ոճրագործներեն մեկը դեպի մեզ եկավ, ձեռքի կացինը մինչև կոթը կարմրած էր արյունով:
- Մեկ հատս մնաց, խնայե՜, ըսի:
- Աղջի՞կ է,- հարցուր:
Քողս վերցուցի ու ծածկեցի տղուս գլուխը:
- Այո՜,- ըսի,- աղջիկ է:
Միջոց մը կեցավ. աչքերը վարանելով կնայեին մեյ մը ինծի, մեյ մը մանչուս, որուն ձեռքը կդողար ձեռքիս մեջ:Հանկարծ ծռեցավ, քղանցքը բարձրացուր, հաստատեց սեռը, ու կացինի մեկ հարվածով սպաննե՜ց…:
Դժնդակ լռություն մը հաջորդեց այս խոսքերուն, բոլոր ներկաներուն աչքերն ապակիի պես կվառեին, տենդով ու զայրույթով հրահրված էինք ու արտասուքը կպտտեր մեր բիբերուն վրա:
Ո՞ւր էին մեր մխիթարության և հաշտության խոսքերը, որ արտասանելու համար եկած էինք այս տարաբախտերուն մեջ: Ո՞ւր էր այն հոգեկան խաղաղությունը, որ կսպասեին մեզմե. մենք չէինք որ կխոսեինք, այլ արկածյալ ժողովուրդը, որուն հավաքական իմաստությունը կարտահայտեր կույր պառավ մը՝ պատգամի պես խոսելով