Այս էջը հաստատված է

հեռու աղետավայրեն, այդ հեք մանկությունն աստիճան մը մոռնա ահռելի օրերուն հիշատակը ու որբերուն ոտքերը չկոխեին այն հողին վրա, ուր իրենց ծնողին արյունը թափված էր:

Շատեր պատմեցին իրենց հասնիլը, գրեթե մերկ կամ ցնցոտիներով ծածկված, որոնց վրա հաճախ իրենց մոր արյան հետքը կար. գլուխնին բաց, աչքերնին մոլորած, խումբերով կմտնեին Մերսին ու իրենց բոբիկ ոտքերուն հանած փոշիին մեջ՝ իրենց մարմիններեն արտաշնչված քրտինքի և աղտեղության հոտը կծածաներ երկար ատեն:

Երբ զիրենք հավաքեր էին եկեղեցին, անոնք դեռ ահաբեկած՝ չէին խոսեր, չէին լար: Սարսափն այնքան մեծ էր այդ տղեկներուն մեջ, որ, որևէ մարդ տեսնելուն, կդողային ջերմե բռնվածի պես: Մարդիկ՝ այդ մատղաշ և անմեղ տղոց երևակայությանը կներկանային մեկ ձևով մը. անոնք ամեն մեկ չափահաս այրի մեջ ոճրագործ մը կտեսնեին, սարսափելի նմանություններե կմոլորեին, ահավոր պատկերներ կտեսնեին և կուզեին փախչիլ, խելակորույս, սահմռկած, հիմարացած… իրենց մանկական հասկացողությունը խանգարված եր, որովհետև օրերով և օրերով տեսել էին ոճրագործները դանակը կամ հրացանը ձեռքերնին, աչքերնին վառած չարագործության մոլուցքեն ու բերաննին գալարված հայհոյություններով ու սպառնալիքներով: Արյունն անձրևի պես ժայթքած էր իրենց շուրջը և իրենց բիբերը ժամերով ընդլայնած հրդեհին արհավիրքովը:

Տղաքը կհանդարտեին երբ աոանձին կմնային ու երբեմն կխոսակցեին, բայց իրենց խոսակցությունն ընդհատված էր երկար լռություններով, երբեմն, ամենքը մեկ տարված նոր ցավեն, կուլային հեկեկալով և կմերժեին մխիթարվիլ կորսված, գրեթե վերացած իրենց վշտին սաստկության մեջ, ու իրենց մանկական ուժերեն վեր ըլլալով իրենց տառապանքը, ոմանք աչքերնին դեռ արցունքոտ և կուրծքերնին հեծկլտանքեն ուռած՝ գլուխնին կդնեին գրասեղանի վրա ու կքնանային երկար ատեն: Ուրիշներ՝ գուրգուրանքի, ընտանեկան սիրո հանկարծական պետքե մը մղած կեղբայրանային իրենց թշվառության ընկերներուն հետ: