Այս էջը հաստատված է

կրակին ու դաշույնին մեջ բռնված խելահեղ մարդկության մը հուսահատությունը՝ իմ հասկացողությանս սահմանեն դուրս կմնար և այսպես եղած է, կկարծեմ, ամեն մարդու համար:

Ու այս տղաքը գիտեն թե սարսափ կազդեին ինծի, իրենց հոգեբանությունը զիս կվրդովեր և չէի կարող իրենց աչքերուն մեջ նայել. սուր և անդիմադրելի ցավով կնշմարեի, որ անջնջելի մղձավանջներ կան հոն և թե մանկական ժպիտը, մանկական պայծառ ու մաքուր լույսը մաքուր էր անոնց աչքերուն մեջ. իրենց թուխ, մթին, մռայլ դեմքերուն վրա ամբողջ արհավիրքն անպատմելի ժամերուն երբեմն կարելի էր կարդալ ինչպես բաց գիրքի մը վրա, բայց երբեմն ամեն բան կսևնար և անթափանցելի կդառնային․ ասիկա ալ ավելի խռովիչ էր:

Շատ անգամ լուռ կմնային ու համր՝ մեր հարցումներուն դիմաց․ բայց երբ կխոսեին, իրենց յուրաքանչյուր բառը հոգեվարքի վայրկյան մը, անմարելի տվայտանքներու․ վշտի ու մանավանդ կարոտի աշխարհ մը ընդնշմարել կուտար: Որբերեն ոմանք մայր ունեին ու ամեն օր սրտաճմլիկ տագնապներու ականատես կըլլայինք:

Երբեմն, հակառակ բոլոր նյութական դժվարություններուն, մայրեր իրենց կարգին կարոտե բռնված կուգային Մերսին, աճապարանքով ու անձկությունով կփնտրեին իրենց զավակը որբերուն խումբին մեջ, ու ցավագին ջղագրգռությամբ մը մերձենալով անոր՝ քարի պես անշարժ կմնային ու չէին համարձակեր զայն համբուրելու… այդ իրարմե բաժնված մոր և զավակին մեջ պետք չէր, որ գորովանքի նոր կապեր հաստատվեին․ այս դառն ճակատագիրը կհասկնային բնազդով ու կվերադառնային ալ ավելի հրահրված վիշտով ու կարոտով:

Գիշեր մը ուզելով այցելել․ պառկելնուն ետքը՝ առաջնորդվեցա որբերուն ննջարանը․ անմոռանալի ու զարհուրելի պատկեր մը ներկայացավ աչքիս… Ընդարձակ սրահին մեջ, կարգով գետինը փռված անկողիններու վրա, կիսամերկ մանկական անդամներու շփոթություն մըն էր… տեղը նեղ ըլլալուն՝ տղաքն իրարու կից պառկած էին կարծես. շնչառութենեն և ուրիշ այլ և այլ արտաշնչումներն օդն անշնչելի և խեղդիչ դարձած էր: Կես մութին մեջ չեմ գիտեր ինչ կը կծածաներ խռովիչ ու մղձավանջային: Տղոց մարմինները կորսված անսավան