անկողիններու սևության հետ, միմիայն անդամներու գիծերը կերևային ասդին-անդին, բազուկներ ու թևեր… և այդ սրահները սրբապղծված ու խառնշտկված գերեզմաններու պես տխուր թվեցան ինծի:
Երբեմն մեկը գեշ երազե մը դրդված՝ գլուխը կբարձրացներ և շուրջը կնայեր սոսկալով, ու իր մեկ աղաղակեն բոլոր այդ անձև, գրեթե զանգվածային կույտերը կխլրտեին ու երբեմն՝ ասդին անդին անհանգիստ գլուխներ ալ կցցեին: Աոաջին օրերուն պատահեր է, որ մեկ տղու մը զառանցանքներեն վրդովված ու կես քունի մեջ չհասկնալով, թե ո՞ւր են, ամբողջ սրահի մը տղաքը կանգներ են աղաղակելով, կարծելով թե ջարդի ժամերու մեջ կգտնվին:
Հակառակ մտադրած ըլլալուս բոլոր պաղարյունությունս պահելու, այդ գորովանքն, մայրական խնամքե ու սերե զրկված մանկական դեզը զիս դղրդեց խորապես… ուզեցի մեկնիլ ու մեր ներկայությունով չխանգարել տղոց քունը… ոմանք կհառաչեին, ու ամենքն արթնցած անհանգիստ նայվածքները կուղղեին մեզի…
Մեկնելու կպատրաստվեինք, երբ գրեթե ոտքերուս առաջքն աղջնակ մը տեսա․ երկու պայծառ և անթարթ բիբեր ինծի կնայեին… խարտյաշ մազեր ցրված էին բարձին վրա, վտիտ վիզը, վտիտ անդամներն այնպիսի հոգեկան և ֆիզիկական թշվառություն մը կներկայացնեին, որ չկրցա ինքզինքս բռնել ու սկսա լալ. որքա՜ն ալ հեծեծանքներս խեղդված էին, տղաքը լսեցին ու արթնցան: Վայրկյան մը զարմանալի լռություն տիրեց, բոլորը շունչերը բռնած էին… գլուխնին բարձրացան, ու մեկը սկսավ լալ. այս նշանին վրա բոլորը մեկեն, հարյուրավոր տղաքներ, սարսափելի ջղաձգութենե մը բռնված իրենց վտիտ ու անզոր անդամները գալարելով, իրենց թշվառ խշտյակներուն վրա սկսան հեծեծագին աղաղակել ու արտասվել, իրենց կորսնցուած ծնողքները կանչելով…
Երկար ատեն հարկ եղավ մեզի, որպեսզի կարենայինք զիրենք հանդարտեցնել: Երբ վերջապես իրենց հոգնած գլուխները հանգչեցուցին բարձին վրա, զույգ մը պայծառ աչքերն աղջնակին միշտ ինձի կնայեին ու մեկնելե առաջ ուզելով գիտնալ թե ինչո՞ւ չէր քնացեր, երբ իրեն մոտեցա, երկու թևերը երկնցուց վզիս ու երկար ատեն զիս պահեց իր մոտ… Մեկնելե առաջ կրկին նայեցա ամենուն վրա. սրահը