Այս էջը հաստատված է

լուռ և խաղաղած էր. ինծի հավաստեցին նաև, որ այլև հանդարտ կքնանան մինչև առավոտ: Ինծի թվեցավ սակայն, որ այդ մանուկներն առանց դադարի և անողոք համառությամբ մը կերազեն իրենց անցուցած սարսափի օրերը և թե մղձավանջը շարունակաբար կծածանի իրենց թխորակ գլուխներուն վերև:

Առաջին օրեն խոսած էին ինծի առևանգած ութամյա աղջկան մը վրա. ու թեև զինքը դեռ չէին նշանակած ինծի, կզգայի թե ան էր… անխուսափելիորեն ան ըլլալու էր. այդ վշտագին ու ցավատանջ աչքերուն մեջ այնպիսի անդարմանելի բան մը կար, որ միշտ զիս վատ ու երկչոտ կդարձներ և կխուսափեի դիմագրավելու այդ նորատեսակ տառապանքին հայտնությանը:

Ամեն օր, երբ որբուկներուն և որբուհիներուն շարքը կայցելեի, արդեն իսկ ընտանեցած իրենց յուրաքանչյուրին արհավրալի պատմություններուն, կանցնեի արագ այդ մեկ մանկական դեմքին առաջքեն, բնազդաբար զգալով թե արտակարգ պարագա մը կա կապված այդ փոքրիկ աղջկան պատմության մեջ:

Ինծի պատմած էին սակայն անոր պատմությունը՝ իր բոլոր դժնդակ մանրամասնություններով: Արդյոք կարելի՞ էր… Ես չէի կրնար ըմբռնել այդ հրեշությունը:

Բայց օր մը վերջապես իմ մոտս բերին այդ աղջիկը ու ես շփոթված ու ամոթահար մնացի իր առջև: Երբ բոլորովին առանձին մնացինք, այն ատեն միայն բարձրացուցի աչքերս դեպի ինքը, ու ձեռքը բռնած՝ երկար ատեն նայեցա իր վտիտ ու դողահար էության՝ առանց խոսելու և առանց որևէ հարցում ուղղելու: Ինծի թվեցավ որոշ կերպով թե այդ բանին վրա որևէ ակնարկություն, որևէ հետաքրքրություն մեղսակցության մը պես հրեշային բան էր… Եվ արդեն ի՞նչ հարկ կար մանրամասնություններ գիտնալու, հուզելու այդ անբախտ մանկիկին հիշողությունը. իր պատկերը բավական էր ու իր աչքերը, իր վիրավորված, մատղաշ անասունի աչքերը՝ կպատմեին ամեն բան:

Շատ վտիտ էր ու տխեղծ երևույթով․ իր բարակ բազուկները երկու դյուրաբեկ ձողերու պես կիյնային մարմնո երկայնքին․ տկար սրունքները կվերջանային բոբիկ և խոշոր ոսկրոտ ոտքերով՝ որոնց