Այս էջը հաստատված է

վրա հոդվածները պինդ հանգույցներ կկազմեին, մարմինը կորսված էր լայն բլուզին ծալքերուն մեջ՝ որուն օձիքեն վեր կցայտեր երկայն ու նուրբ վիզը, շնորհալի ճկունությունով մը հակած մեկ կողմին՝ կարծես ընկճված գլխուն ծանրութունեն. հարդի գույն ողորկ մազեր․ անհավասար կերպով կտրտած կիյնային ծոծրակի գծին… Այդ արևի տակ ծնած և արևի տակ մեծցած գունատ մազերու պսակին տակ՝ իր աչքերը, իր մռայլ ու վշտագին աչքերն իրենց անակնկալ արտահայտությամբ կսգավորեին այդ ճղճիմ, այդ վատուժ ու խղճալի էություն… Իր անարգված և նախատինքի ենթարկված մանկությունն արթնցած էր վաղահասորեն մարդկային գերագույն դժբախտության: Ի՞նչ մտածում և ի՞նչ խորհուրդ կվետվետեր իր ճակտին ներքև… Այն օրերուն ի վեր, որ մտած էր անիկա որբանոցին մեջ, այն օրեն ի վեր չէր ժպտած ու չեր խոսած ոչ մեկ անգամ․ մյուս տղաքը կխմբվեին, իրենց դժբախտությունն ու թշվառությունը կմիացնեին, իրարու կհաջորդեին իրենց ցավերն ու կարոտները, և շատ անգամ կմիթարվեին՝ ավելի մեծ վշտի մը արտահայտության մեջ: Բայց անիկա չէր մոտենար ոչ մեկուն և իր ցավին մեջ, առանձին ու դաժան մնացած էր միշտ:

Հիմա կնայեի իրեն՝ խանդաղատանքով և վրդովված ուշադրությամբ մը. իր դեմքին ամեն մեկ մանրամասնությունները կտպավորվեին իմ հոգիիս մեջ: Իր ձեռքը պաղ էր ու երբեմն կդողդոջեր ձեռքիս մեջ, երբեմն կդիմադրեր իմ փայփայանքներիս ու երբեմն կլքեր մանկական վստահությամբ: Հետզհետե կանդրադառնայի, թե այդ անսովոր բանը, որ ինծի թե՛ երկյուղ թե՛ հուզում պատճառած էր, այն աններդաշնակությունն էր, որ կար իր ութը տարու մանկան ֆիզիկական կազմվածքին ու դեմքի արտահայտության մեջ: Այդ կանխահաս հոգեկան տագնապը, այդ չհասկցված, չըմբռնված դժբախտության մը անսահմանելի տվայտանքը, այդ ատելությունը և մշտատև ոխը՝ իր մատղաշ, վտիտ ու տժգույն դեմքին վրա այնպիսի պատկեր էր, որուն արտահայտութենեն ամեն բան կխախտեր հոգիիս մեջ, ու անկայուն և դողդոջուն հուզմունքով մը ուժաբեկ կզգայի ինքզինքս:

Ինքը ապահոված իմ լռութենես, աչքերը սևեռեց վրաս, ու իր ողբագին