Ատանայի մեջ` այդ միջոցին որբերը տեղ մը հավաքված չըլլալով ու չունենալով որոշ արձանագրություն մը, անմիջապես ձեռնարկեցինք գիտնալ իրենց գտնված տեղերը և անունները նշանակել: Առաջնորդարանի մեջ նստած կխոսեինք այդ մասին:
- Որբեր ամեն տեղ կան,-ըսավ ծերունի քահանա մը` ձեռքի լայն շարժում մը ընելով և ցուցնելով հրդեհված քաղաքին չորս կողմը… Իր ճերմակ մորուքը պահ մը դոդդոջեց ու իր հուզված ու արտասվալից աչքերը, իր ծեր մարդու մարած ու տխուր աչքերը, բարձրացնելով դեպի մեզ մրմնջեց.
- Գացե՛ք հիվանդանոցները, գացեք դեպի վրանները, նայեցե՛ք նույնիսկ եկեղեցիի բակին մեջ… ամեն կողմ որբեր կգտնեք…
Դուրսը խռնված ժողովուրդն իմանալով մեր պաշտոնը և մեր նպատակը, արդեն դիզված էր դռան առջև. ճերմակ քողերու ներքևեն կնոջ և մոր աչքեր, աղերսող և ողբագին տխրությունով մը կհառեին ինծի. շատեր տղոց ձեոքեն բռնած էին, բայց մեծ մասը կկրեին զանոնք բազուկներու վրա` սքողած. իրենց լաչակին ներքև, և այնպես անշարժ ու վտիտ` որ կարծես պատանքներու մեջ ծալծլված դիակներ ըլլային: Մեկիկ, մեկիկ կիները մոտիկցան մեզի:
- Ցավերս ասեմ… առյուծի պես առողջ ու կայտառ էր տղաս, հիմակ աս հալին հասավ… երեսներեն վարդ կկաթեր, հիմակ մոխրի գույն առավ… աչքերս կուրնա՛ն… աչքերուս մեջ լույս ու արև չմնաց… ամեն օր թևերուս վրա իր մարմինն ավելի թեթևցավ, մեծնալու տեղ պզտիկցավ, մորթ ու ոսկորը մնաց…
Հեծկլտանքներ ձայնը խեղդեցին:
Մոտեցանք իրեն և ուզեցինք լաչակը մեկ կողմ առնել տեսնելու համար տղեկը: Կինը պահ մը վարանեցավ. իր մայրական հպարտությունը խփնեցավ այդ վիժածը ներկայացնելու. իր սև աչքերուն մեջ ոխի և դժբախտության կայծեր կփայլատակեին: Բայց հակառակ իր ընկրկումին` կտեսնեինք հեք և տխեղծ տղեկը, ինքն իր վրա կզկտած, ափ մըն անգույն, գրեթե անկենդան նյութի վերածված, որ սաստիկ լույսեն և մեր ներկայութենեեն խրտչած սկսավ ճչալ մոր կուրծքը ճանկռտելով… չորցած շրթունքները տաժանքով կպրկվեին, կգալարվեին, և ճերմկած ու վտիտ լեզուն կթրթռար մեղմորեն… իր