Այս էջը հաստատված է

պառավի խորշոմած դեմքի վրա այնպիսի թշվառություն կար, որ անկարելի էր հավատալ իր մանկությանը:

- Քանի տարեկան է,- հարցուցինք մորը:

- Երեք տարեկան,- մրմնջեց, ու պահ մը մտածկոտ մնալե ետքը, կարկառեց զայն մեզի.

- Առեք ու պահեցեք… օտարականներ ուզեցին չտվի… մարդս զարկին, տագրերս սպանեցին, տունս ու այգիս այրեցին, խարապաթ դարձուցին… չոր գլուխս ու գավակս մնաց աշխարհիս վրա, անոր համար չտվի, հուրեն ու սուրեն ազատեցանք… ամա ցավը մեր ետևեն եկավ շուքի պես: Անտեր անտիրական՝ գիշերները գլուխս հողին, ցերեկներն անոթի, արյունս ցամքեցուցի… իմ անիծված արևս չմարեցավ, որ այս օրն ալ տեսնեմ… առեք ու դուք պահեցեք, ասկե ետքը… իմ ճարս չէ մնացեր:

Տղեկը կշարունակեր ճչալ ու երկու սև ու վտիտ ձեռքեր, երկայն և ջղաձգված մատներով սարդի պես կգալարվեին կնոջ կրծքի վրա ու ոխերիմ համառությամբ մը կճանկռտեին զայն․ կզգայիր, որ երախային վտանգված կենսականությունը թշնամացած էր մորն անկարողությանը դեմ:

- Այսպես շատեր կան՝ կըսեր ծերունի քահանան, երբ փղձկված ու անհանգիստ մեր մտածումները կհաղորդեինք իրարու…

Երկար տողանցումը որբացած տղոց իրենց անհավատալի, սահմռկեցուցիչ պատմությունները թմրեցուցած էին գրեթե մեր ջղայնությունը. ամեն կարգի թշվառ մանկիկներ կային հոն. ոմանք կայտառ և առողջ մնացած էին՝ կարծես անգիտակ իրենց պատահած դժբախտությանը, դիմանալով տաքին, անոթության, մերկության… անպատմելի կենսականություն մը կժայթքեր ցնցոտիներու մեջեն երևան եկած իրենց թուխ և պինդ անդամներեն, սև աչքեր կփայլատակեին համառ լույսով և կարծես մեզի կխոստանային շարունակել ցեղին կյանքը, հակառակ ամեն բանի: Ու այդ սրտապնդող երևույթը՝ հավատք ու քաջություն կներշնչեր մեզի…

Ու հանկարծ պատկերը կփոխվեր… շարքով կբերեին երկարատև հոգեվարքի մը մեջ տվայտող տղաք, համաճարակե հազիվ ազատած, երկար ու տաժանելի ապաքինման մը մեջ սպառած էություններ,