փախուստի պահուն… արյունաթաթախ ու գրեթե պատառպատառ եղած մարմնով, տղաքը կբերեին ու կհանձնեին մեզի… կային, որ յոթը, ութը տեղե զարնված էին. ուրիշներ կիսովին այրած… սարսափելի՜…
Իր կապույտ, պայծառ և սովորաբար անթափանցելի աչքերը կայծակի արագությամբ կվառեին հուզմունքով:
- Առաջին օրերուն անկարելի էր անուններն արձանագրել… բան մը չէինք գիտեր․ մեզի եկած տղաքը ծնողք ունեի՞ն, սպաննվա՞ծ էին, փախա՞ծ էին, կարելի չէր ստուգել… շատեր մեռան այդպես… երբեմն կին մը կամ իր կարգին վիրավորված մարդ մը խելագարի պես կուգար հիվանդանոց, աճապարանքով կքններ հիվանդները, և անտարբեր սարսափելի վերքերու դիմաց, իր զավակը կփնտրեր:
Պահ մը լռեց և շրթունքը գալարվեցավ մասնավոր ծամածռություններով մը… անպատմելի հիշատակներ կանցնեին մտքեն…
- Ընդհանրապես բախտ չունեին, անգամ մը միայն մայր մը հանդիպեցավ իր զավկին… բայց շատ ուշ, արդեն մեռած էր…
Դարձյալ րոպե մը լռություն…
- Հոս, սա սեղանին վրա տեղափոխած էին դիակը… անճանաչելի դարձած էր ստացած վերքերեն. բայց մայրը ճանչցավ զայն… ապշած և սևեռած նայեցավ իր զավակին վրա… երկար ատեն… ոչ մեկ կաթիլ արտասուք չելավ աչքերեն, հետո սկսավ խնդալ անօրինակ և սարսափեցնող քրքիջով մը… դժվարությամբ զինքը հեռացուցինք և ուրիշ սրահ մը տարանք… երեք օր շարունակ ուղեղի․ տագնապե տանջված, վիրավորված գայլի պես կոռնար, և իր ձայնն այնքան բարձր ու տիրական կհնչեր, որ բոլոր հիվանդներուն հեծմունքները, անդամահատվողներուն հուսահատական կոչերը կխլանային այդ մայրական աղաղակին մեջ… սավանը ծալած ու կուրծքին սեղմած էր. կարծեց թե իր զավակն էր ողջ և առողջ: Քանի մը ժամ խոսեցավ սավանին հետ և օրորեց զայն երգելով և իր երգին մեջ քնացավ վերջին քունովը… ջղաձգված դիակին բազուկներեն՝ դժվարավ կրցանք առնել սավանը ու անոր մեջ պատանքեցինք դժբախտ մայրը…
Ամենքս ալ լռին կարտասվեինք: Ինքը չէր լար ու կապույտ աչքերը խոնարհեցուցած էր գետին: Հանկարծ հարեց.