Այս էջը հաստատված է

անցնել: Գնդակը կմեկնի և տղուն գլուխն անկենդանացած կհակի մոր ուսին վրա: Կինը չէր հասկցած, չէր ըմբռնած… գնդակներ կտեղային ամեն կողմեն և խլացուցիչ աղմուկին մեջ այդ մեկ գնդակին ձայնը կորսված էր: Երբ մեզի հասավ, այն ատեն միայն տեսավ, որ տղուն ճակատը ծակած էր և փոքրիկ կյանքը մարած էր առհավետ:

Ու հյուպատոսուհին, կարծես հետևելով իր մտածումին, կկրկնե քանի մը անգամ. «ճշմարիտ սատանանե՜ր, ճշմարիտ սատանանե՜ր…»:

Մարմարյա սրահներու զով և մաքուր սպիտակության վրա առժամանակյա հիվանդանոցին սենյակները կբացվեին. գետինը փռված անկողիններե, ինչպես նաև մահճակալներե, անձկալի և հետաքրքիր գլուխներ կբարձրանային և կնայեին մեզի: Ոմանք պահ մը մեր կողմը սևեռելե ետքն իրենց հոգնած աչքերը, գլուխնին պատին կդարձնեին սրտմտությամբ` նախապես վհատած մեր գթութենեն և վստահ մեր հետաքրքրության ունայնության վրա:

Դուրսի սրահին մեջ նախ կտեսնենք այրեր` սրունքներնին կտրված, բազուկնին կապված կամ գլուխնին ծածկված վիրակապներու փաթթոցի մը մեջ: Հականեխականներու հոտը խառնված ամիսներե ի վեր համառող վերքերու նեխությանց` նողկալի մթնոլորտ մը առաջ կբերեր իրենց շուրջը. ոմանք երիտասարդ էին` լայն ու թիկնեղ մարմնով, և անօրինակ հուսաբեկություն մը կներշնչեին ինչպես իրենց առողջ ուռճացումներուն մեջ տապարի հարվածով մը ինկած կաղնիներ, ոմանք ցկեանս խեղանդամված էին ու կսպասեին արհեստական սրունքներու կամ բազուկներու, որ իրենց պիտի գար շատ հեռուեն: Իրենց արևեն այրած դեմքերուն վրա, ու ցավը և վիշտը խորշոմներ կազմած էին, կար նաև անբացատրելի արտահայտություն մը հպարտության և գոհունակության. մեզի կնայեին պայծառ և անամպ աչքերով, բայց երբ իրենց հարցումներ կուղղեինք, կպատասխանեին վերապահությամբ ու երկչոտությունով, կարծես վախնալով չափազանցնել իրենց գործունեության կարևորությունը: Երբ իրենց անկողիններեն հեռացանք` հյուպատոսուհին բացատրեց.

- Այս երիտասարդները ճշմարիտ հերոսներու պես վարվեցան, 20-ի դեմ մեկ էին և անխոաափելի էր, որ պիտի իյնային, բայց հուսահատորեն