Այս էջը հաստատված է

մաքառեցան… ա՜հ այո՛… կարելի է ըսել, թե ըրին ինչ որ մարդկորեն կրնային ընել…

Քաղցր հպարտությամբ մը կուռենային մեր կուրծքերը, հուզմունքը կխեղդեր մեզի, աչքերնիս լեցուն էր արցունքներով, ու երբ դեպի ետև դարձանք, իրենց թուխ և տառապագին դեմքերը, մարտիրոսի լուսաճաճանչ պայծառությամբ մը ողողած էին կարծես, ու իրենց ժպիտը բեղմնավոր արևի ճառագայթի մը պես հույս ու քաջություն ներշնչեց մեզի:

Նույն միջոցին, ճամփուն վրա, միայնակ անկողին մը մեզ կեցուց. ցավատանջ դեմքով, հուսահատած և ողբագին աչքերով ծերունի մըն էր: Երկայն ճերմակ մորուքը, որ կտարածվեր ոսկրոտ կուրծքին վրա ու ճերմակ մազերով շրջանակված դեմքը չափազանց նիհար՝ գրեթե սև կերևար, այտերուն ոսկորները կցցվեին ու մորթը կկաղապարեր մագաղաթի կարծրությամբ: Իր նահապետի պատկառանք ներշնչող արտահայտությունը, իր նայվածքին լրջությունը մոռցնել կուտային իր ցնցոտիները՝ որոնցմով ծածկված էր: Երկու ձեռքերը վերմակին վրա կիյնային նույնպես սև՝ և գծավորված առասանի պես պինդ երակներուն ցայտուն կարծրութենեն… կարծես անդիմադրելի ներքին ուժե մը մղված անոնք կպրկվեին ու մատները կձգտեին գալարվելու, բզկտելու: Երբ իր շուրջը բոլորվեցանք՝ աչքերը գոցեց և շրթունքը սեղմեց: Հյուպատոսուհին տեղեկություններ տվավ.

- Ինքն իր մեջ ամփոփված ծերունի մըն է. գրեթե բնավ չի խոսիր, ահռելի վերք մըն ուներ փորին վրա. աղիքները դուրս թափված էին… ես ինքս զարմացած եմ, թե ինչպե՞ս ապրեցավ…: Կյանքը… զարմանալի է… երբեմն երկչոտ թռչունի մը պես մեկ ոստումով կերթա, կհեռանա, երբեմն ալ կկառչի մարմինին և մարդուն ամեն մեկ անդամին փարված կմա՝ հակառակ կրած հարվածներուն…: Այսպես կին մը ունեցանք անհամար վերքերով ծածկված… սրունքները կտրեցին, մեկ բազուկը հանեցին… աչքերը կուրցած էին, կուրծքին վրա ամեն ուղղության՝ դաշույնի և այրուցքի հետքեր ուներ… իր մարդկային ձևեն կեսը զեղչված էր գրեթե… այլ սակայն երկար ապրեցավ այդպես, և ուղեղն արթուն մնաց… մինչև վերջին շունչը՝ ամեն օր մեյ մեկ մաս կկտրվեր, կբաժնվեր մարմինեն, որովհետև բոլոր վերքերը նեխած