Այս էջը հաստատված է

էին գրեթե, ու մինչև վերջին շունչն իր սարսափելի կացության գիտակցությունն ունեցավ… զարմանալի է…

Մագաղաթի պես կարծր դեմքը ծերունիին կկծկեր անհամբերությամբ… կարծես կփափագեր, որ հեռանայինք: Հյուպատոսուհին դեպի ան հակեցավ գորովանքով…

- Ջերմ ունի,-ավելցուց, - և այսպես է օրերե ի վեր… վերքերը գոցված են, բայց հոգեկան անբացատրելի հիվանդությունով մը կտանջվի… ըսին թե բազմաթիվ ընտանիքի մը պետն էր, հողային ընդարձակ հարստության տեր և այսօր բան չէ մնացած, իր ընտանիքին բոլոր անդամները, թե՛ այր և թե՛ կին, թե՛ տղա սպանված են, ու ինքը մենակ մնացած է:

- Ի՞նչ գերագույն դժբախտություն է, իր ողջ մնացած ըլլալը, կխորհեի յուրովի, ինչո՞ւ համար կապրի, որո՞ւ համար կապրի, ի՞նչ կարող է այլևս սպասել այս սգավորված աշխարհիս վրա…: Եթե երբեք մոռնալու աստվածային մխիթարությունն ալ կարելի ըլլար, իրեն համար շատ ուշ է արդեն… ժամանակ չունի մոռնալու:

Հուսահատված իր համրությունեն՝ պիտի հեռանայինք ծերունիին սնարեն, երբ մեզմե մեկը հայերեն քանի մը բառ փոխանակեց քովինին հետ: Ինչպես մեռել մը, որ աչքերը բանար՝ ծերունիին արտևանունքը բարձրցան, շրթունքը դողաց՝ թեթևորեն գունավորված հուզմունքեն. ճակատին վրա կնճիռները խորունկցան, իր աչքերը, իր ծերունի արիականի հանդարտ, գեղեցիկ, ազնվական աչքերը բարձրացուց մեզ վրա ու ամեն մեկերնուս սեևռեց անսահմանելի արտահայտությամբ մը: Չէինք գիտեր, թե տառապանքի սաստկությո՞ւն մըն էր ունեցածը, թե գոհունակություն: Ավելի մոտեցանք իրեն: Մեզմե մեկը, բժիշկ մը, ծունկի եկավ անկողնին եզերքը ու ձեռքը բռնեց… այն ատեն նահապետը հուզմունքե դոդդողացող ձայնով մը հարցուց.

- Ամենքդ ալ հա՞յ եք…:

- Այո՛, ամենքս ալ հայ ենք, հայրի՛կ… Հյուպատոսուհին բնազդաբար զգալով ծերունու հոգեկան պահանջքը, հեռացել էր մեր խումբեն ու պատուհանին կռթնած՝ մատներով եզերքին վրա որևէ դաշնակի եղանակ մը կուրվագծեր: