Այս էջը հաստատված է

- Ամենքդ ալ հայ եք,-կրկնեց ծերունին, զարմացած և կարծես հիացած ու աչքերը լցվեցան արցունքով…

Ուզեց նստիլ: Օգնեցինք իրեն: Ու երբ մեր գուրգուրալի և հուզումե դողդոջուն ձեռքերը հանդիպեցան իր վշտագին և չարչրկված մարմնին՝ կարծես անկարող այլևս տոկալու, սկսավ արտասվել առատորեն: Արցունքն անշշուկ կիյնար երեսն ի վար ու կկորսվեր ճերմակ մորուքին մեջ. խուլ ու անզոր հեկեկանքներ կդղրդեին կուրծքը, որ կելևեջեր անհանգստող ուժգնությամբ մը, ու կարծես ամոթահար իր արցունքներեն՝ մեկիկ մեկիկ կնայեր մեզի կողմնակի և խուսափուկ նայվածքներով, կուզեր խոսիլ, բայց բառերը չէին վերջանար իր դողդողացող շրթունքներուն վրա:

Հանկարծ, ինչպես աղբյուր մը, որ կցամքի, արցունքները դադրեցան. գլուխը հակեց կուրծքին վրա և ձեռքերը վերստին սկսան գալարվիր․ քանի մը րոպե ետքը միայն, իր դեռ խոնավ աչքերը դարձնելով մեզի, ըսավ ցավատանջ ձայնով մը.

- Ես Խարբերդի գավառեն եմ… հալածված ու տանջված, քանի մը անգամ փախչելով հուրեն և սուրեն եկա Ադանա: Քանի մը անգամ կյանքիս մեջ ընտանիքիս ցիրուցան ըլլալը տեսա… ոմանք սպանված, ոմանք փախստական… յոթ մանչ զավակ ունեի, երեք աղջիկ ու թոռներ, շատ թոռներ… Ամեն անգամուն՝ մեռելներուն սուգը չանցած կհավաքեի ցրված անդամներն ընտանիքիս, ու երբ դուշմանը մեզ կմոռնար՝ այդ միջոցին նորեն կկազմեի տունս…: Աստված օրհնեց ջանքերս, ու ամեն անգամուն հաջողեցա… մեկի տեղ երկուք ունեցա, երեք ունեցա… Հիմա այլևս ծերացած ու անկարող՝ կհուսայի աչքերս փակել գոհունակությունով, փառաբանելով Ամենակարողի զորությունը… բայց չեմ գիտեր ի՞նչ անեծք իջավ մեր գլխուն… դուշմանը զարկավ նորեն ու ամեն բան փչացավ այս անգամ…:

Պահ մը տաժանելի լռություն կտիրե…

- Ամեն բան փչացա՜վ… երեսունչորս հոգիե բաղկացած ընտանիք էինք… երիտասարդները կռվեցան ու կռվի մեջ ընկա՜ն… բայց իզուր… հարսներս տարին, թոռներս այրեցին ու ես չեմ գիտեր ինչո՞ւ և ինչպե՞ս մնացի… Օտարներ ձեռք դրին վրաս, վերքերս կապեցին ու աղեկցուցին զիս… բայց ցավս խորունկեն է, հոգիիս մեջն է… անմարելի