կրակ մը կա սրտիս մեջ…:
Ու իր աչքերն այլևս բոլորովին չորցած ու տենդագին՝ կնայեր մեզի մեր գթությունը հայցելով…:
Իր ցավը մերն ալ էր ու իր կրակը մեր սրտերուն մեջ ալ կայրեր, ամենքս ալ նստած իր շուրջը՝ կարծես որ ընտանիք մը կկազմեինք իրեն, վշտի ազգականությունով կապված, կարծես ինքն ալ զգաց այդ բանը ու մխիթարությունը թուլցուց ու լուսավորեց իր պատկառելի նահապետի դեմքը… աչքերը բարությունով և հույսով լցվեցա՜ն…
- Աոաջին անգամն է, - ըսավ, - որ հայեր հայերու օգնության կհասնին…զուլումեն ետքը:
- Մինչև հիմա այդ բանն անկարելի էր,-ըսավ մեր ընկերներեն մեկը… կջարդեին, կսպաննեին, կվիրավորեին, եղբայրը եղբոր, քույրը քրոջը չէր կրնար հասնիլ. մեր որբերը կցրվեին օտարներու ձեռքը, մեր վիրավորներուն վերքերն օտարները կկապեին, մեր հոգեվարքները լքված կմեռնեին ավերակներուն մեջ… այս անգամ գոնե տխուր մխիթարությունն ունեցանք մոտ ըլլալու, ձեզի հասնելու…:
Գերագույն հույսը կրկին ճաճանաչեց ծերունիին աչքերուն մեջ…
- Ձեր ճակատագիրը մերն ալ է.-ավելցուց մեր ընկերը.-ձեր կրած հարվածով մենք ալ զարնված ենք… մենք օտարներուն ըրածը չենք կրնար ընել, միջոց և դրամ չունեինք… բայց մեր աչքերուն մեջ նույն արցունքը կա, մեր երակներուն մեջ նույն թափված արյան ցա՜վը… մենք մեկ ընտանիքի զավակներ ենք…
- Մեկ ընտանի՜ք,-կրկնեց ծերունին անսահմանելի ձայնով մը… հետո բազկատարած իր սև և գալարուն ձեռքերը դնելով մեր գլխներուն վրա՝ հաստատ ու կորովի ձայնով մը ըսավ.
- Օրհնյա՜լ ըլլաք, դուք և ձեր ընկերները, ու ձեր սերունդները, դարերու մեջեն… հիմա կհասկնամ շատ բա՜ն, շատ բա՜ն… աչքերս մահվան քունովը գոցվելե առաջ բացվեցան ճշմարտության համա՜ր… օրհնյալ ըլլաք դուք և բոլոր անոնք, որ ցրված աշխարհիս շուրջը, աստանդական ու վտարանդի, սրտով կամ մարմնով խոցված՝ մխիթարության ու հանգստի կկարոտին… օրհնյալ ըլլան. Նոյ Նահապետի օրհնությունն անպակաս ըլլա իրենց սեղաններուն վրայեն… ձեռքերնին երջանիկ ու հոգինին անդորր ապրին ալ ասկե