Այս էջը հաստատված է

ետքը… ցավով ու արցունքով կապված իրարու, այլևս ուրախությունով ու երջանկությունով կապված զգաք ինքզինքնիդ, ու ընտանիքին, մեծ ընտանիքին պակսած անդամներուն տեղերը տասն անգամ էվելովը լցված տեսնա՜ք… Օրհնյա՜լ ըլլա՜ք… ու այլևս դուշմանին դիտավորություններն անկարող դառնան ձեր զորության դեմ:

Մեկիկ-մեկիկ՝ ինչպես նոր ուխտի քրմապետ, ձեռքը կրկին դրավ մեր գլուխներուն վրա և աղոթքներ մրմնջեց: Ու երբ հրաժեշտ առինք իրմեն, ուզեց կրկին պառկիլ ու աչքերը գոցեց հանդարտությամբ: Մահատիպ ուժգնություն մը հետզհետե կճերմկցներ իր ճակատը: Դժկամությամբ հեռացանք հիանալի ծերունու քովեն. կարծես մեր հոգիներն օծված էին խունկով և մեղրով և օրհնությունն իր տառապանքով մաքրացած հոգիին՝ կծածաներ մեր գլուխներուն վրա ու այլևս պիտի հետևեր մեզի մեր շուքերուն պես: Անգամ մըն ալ նայեցանք իրեն, դեմքը մեռելի անդորրություն ստացել էր և կնճիռները պարզվել էին. և ո՞վ գիտե ի՜նչ լուսեղեն երազ, ի՞նչ տեսիլք իր մահամերձ ծերունիի պայծառատեսությանը կերևար, որ երբ դիմացի սրահը պիտի մտնեինք, վերջին անգամ լսեցինք իր ձայնը ջինջ և բարձր, որ իր երջանիկ օրերուն ձայնն էր անտարակույս.

-Փառք քեզ Տե՜ր, հաղագս ամենայնի փառք քեզ…

Սրահին մեջ առաջին անգամ մեր ուշադրությունը կգրավեն մայր ու աղջիկ, երկու հայաստանցի կիներ, մորը թևը կտրված էր և աջ ձեռքին չորս մատները. իսկ աղջիկը, որ հազիվ տասնհինգ տարեկան կար, կորսնցուցած էր երկու սրունքները: Ողորմելի՜, խոշտանգված կենդանու աչքերով կնայեին մեզի և կարծես ըսել կուզեին… «Կտեսնե՞ք մեր դժբախտությունը…»: Մայրը դեռ երիտասարդ էր և երկուքն ալ գեղեցիկ էին, անսովոր, արտակարգ գեղեցկությունով մը, ինչ որ ալ ավելի տաժանելի կդարձներ իրենց խեղանդամված երևույթը: Հույսե՜ր, երազներ ապագայի երջանկավետ հեռանկարներ անցած էին անտարակույս իրենց բնութենեն օժտված էության մեջեն. և ահավասիկ հիմա վիրավորված ծաղիկներու կնմանեին…

Մայրը հայտնեց, թե ակնցի են ու մեծ ընտանիքի մը շառավիղներեն… հիմա այլևս ոչինչ կա… ինչպես իրենց կտրատված խեղճ մարմինները, ամբողջ ընտանիքը հատոր հատոր ասդին անդին ցրված՝