Այս էջը հաստատված է

ջարդված ու սպանված են… ոչ մեկ հատվածը չէ փրկված անողոք և ճակատագրային դժբախտութենեն: Իր գավառի հատուկ քաղցր ու երգող շեշտով կինը կըսեր մեզի.

- Մարդ չմնաց, հարստություն չմնաց, սերունդ չմնաց… ես ու աղջիկս մնացինք:

Ու երկու անդամահատված գեղեցիկ կիները իրենց համակերպող և տխրագին նայվածքով կհաստատեին անսահման թշվառությունը իրենց բախտին…

- Մենք աշխարհ եկանք սև օրով, արցունքի և արյան մեջ ապրեցանք և այսպես ալ պիտի երթանք, մեր արևը միշտ մութ ամպով ծածկված եղա՜վ…

Աղջիկն իր տասնհինգամյա պարմանուհու համառող հույսով կավելացներ.

- Գրել կարդալ գիտեմ… բան մը ըսեք ընեմ… ի՞նչով պիտի ապրեմ:

Իր կտրած անդամներեն մեկը սկսավ ցնցվիլ նախ համր, համր, հետզհետե արագ, չոր և անկենդան բանի մը աղմուկն ուներ անիկա, որ կզարնվեր գետնին գավազանի համաչափ հարվածներու պես:

Աղջիկն առանց շատ վրդովվելու ձեռքովը կբռներ ցնցվող ազդրը և կջանար զսպել զայն ու կշարունակեր խոսիլ. իր սև և լույսով ողողուն աչքերուն մեջ ավելի խպնելու պես բան մը կար քան թե վիշտ․ երկար թարթիչները կխոնարհեին հետզհետե այտերուն վիա, որոնք սկսած էին կարմրիլ․ մթին խոպոպիկներն առատ մազերուն՝ կտամկանային ճակտին վրա…

- Ինչո՞վ պիտի անցնեմ կյանքս,-կկրկներ դարձյալ երազկոտ և մտախոհ:

Ամեն բան վերջացած էր իրենց համար, կյանքը տաժանելի բեռ մը դարձած, մահն օրհնություն մը պիտի ըլլար այդ դժբախտներուն… մխիթարության ոչ մեկ բառ չէինք գտներ մեր ապշած ու վշտացած հոգիներուն մեջ ու իրենք էլ դարձյալ, մայրը՝ որ զինված ցեղին վերածնության ամենակարող հանճարովն իր հոգիին խորեն ինչպես անսպառ լույսի աղբյուրի մը մեջեն կորսա հույսի ճաճանչ մը…