Այս էջը հաստատված է

ուժգնությունը մեղմացած էր, շարունակական ու անողոք թշվառությունը խորթացուցեր էր զիրենք և ահավորապես անգութ դարձեր էին իրենց զավակներուն համար:

- Առե՛ք, առե՛ք, ամենքն ալ. իմ ինչի՞ս են հարկավոր:

Ու չորս-հինգ տղա կձգեին մեր դեմ:

- Մենք պետք է արձանագրենք այն որբերը, որ զրկված են թե հորմե և թե մորմե, կհիշեցնե մեր ընկերներեն մեկը:

Բայց արդյոք այս խեղճ տղեկները, իրենց մայրերեն անտեսված տղեկները, որոնք կարծես կմերժեն հասկնալ անսահմանությունն իրենց թշվառության, ավելի որբ չե՞ն մյուսներեն:

Ու աղետը, սպանելե ետքը ամենեն կորովիները, հնձելե ետքը ամեն խիզախները և հանձնապաստանները, բարոյապես և ֆիզիկապես փչացուցեր է բոլոր անոնք, որ հաջողեր են ապրիլ. ու կյանքն այնքան ցամաքած է նույնիսկ մայրական սրտերու մեջ, որ ալ բան մը չունին տալու իրենց զավկին:

Արձանագրված որբերու ցանկը կերկարի ու կերկարի: Միջօրեի արևն իր հրեղեն ճառագայթներով կողողե այդ թշվառ ամբոխը, որ խռնված է մեր շուրջը: Վրանները պարպված են ու ամենքն ալ եկած են դեպի մեզ, նույնիսկ անոնք, որ որբ չանին արձանագրելիք: Քրտինքը հետզհետե ավելի առատ կհոսի ճակտներեն, կխաոնվի արցունքներու հետ: Ցավոտ աչքեր, արևի լույսեն վիրավոր, կըքթթեն իրենց թարախոտ և արյունոտ արտևանունքը: Երբեմն հառաչանք մը ավելի բարձր կսլանա ընդհանուր ժխորին մեջ. երբեմն ալ չարագուշակ քրքիջ մը կերկարաձգվի ու կվերջանա հեծմունքի մը մեջ: Ասդին նորածինի մը խեղդված ճիչը կկորսվի պոռչտուքներու մեջ: Ու առաջ անցնելու եռանդեն զիրար հրմշտկող կիներ, պառավներ և կույրեր հետզհետե մեզ կսեղմեն, ավելի մերձավոր մարդկային գոտիի մը մեջ: Արևը կիզիչ և անտանելի դարձած է. ձիգ ու անողոք ճառագայթներ կմխրճվին կարծես մեր ուղեղներուն մեջ. աչքերնիս կմթնան ու կշլանան հաջորդաբար, մատներնիս կթուլնան և անկարող ենք շարունակելու:

Արձանագրություններն ավարտած են, բայց ամբոխը չի թողուր