մեզ, որ հեռանանք, անհամար հոգեր, անհամար գանգատներ ունին մեզի ըսելիք, կին մը հիմարության տագնապի մը մեջ կպառկի մեր ոտքերուն առջև ու կգոչե.
- Զիս սպաննեցեք ու այնպես անցեք գացե՛ք. դիակիս վրա կոխելով գացեք, քանի որ ճար չունիք իմ տերտիս:
Ընդունված սահմանափակ թվով որբերը, որոնք անմիջապես պիտի տեղավորվեն որբանոցին մեջ՝ կկառչեն մեզի, կվախնան մեզի կորսնցնելե ու իրենց աճապարանքին մեջ պզտիկ կենդանիներու վայրագ շարժումներ ունին, մինչ անոնք որ միայն արձանագրված են, կնային մեզի սրտմտած ու քենոտ, գրեթե թշնամու աչքերով:
Անկարելի է ճամփա բանալ այդ խռովված ամբոխին մեջեն. կարծես թշվառությունը, հոգը, ցավը քնացած ըլլային իրենց մեջ ու մենք զանոնք արթնցուցած ըլլայինք մեր ներկայությամբ: Մեր ամեն մեկ շարժումին ամբոխն ավելի խիտ շարքերով կշրջապատե մեզի: Տաքությունը հեղձուցիչ է, քրտինքի արտաշնչումներեն օդը խոնավցած և ծանրացած՝ անշնչելի դարձեր է: Կհամոզենք զիրենք ու կխոստանանք կրկին գալ: Մեր ձայները հետզհետե կխեղդվին, անլսելի կդառնան, մինչ ավելի ևս բորբոքված ամբոխը կալեկոծի շփոթ և անբացատրելի զգացումներով: Հետո հանկարծ, անսպասելի կերպով մը կհանդարտի, կամոքվի ու տեղ կբանա մեզի… Երկար ատեն ճամփուն վրա, արկածյալները կհետևեն մեզի, ու հետզհետե կցանցառնան: Միջօրեի անհանդուրժելի տաքությունը զիրենք խոհեմ կդարձնե, ու կվերադառնան իրենց վրանները: Այլևս մեր ետևե ձգած ենք զիրենք… երկու կողմեն ընդարձակ արտերու տարածությունը կերևա մերկ և ամայի: Աղետեն հրաշքով ազատած հսկա հասակով երիտասարդ մը կընկերանա և կառաջնորդե մեզ: Որբերը հանդարտիկ ու հնազանդ կքալեն մեր քովեն իրենց բոբիկ ոտքերուն խուլ աղմուկովը, զույգ-զույգ եղած, իրարու ձեռք բռնած ու գրեթե երջանիկ նոր կյանքի մը մեջ մտնալու հույսով:
Մեր ձեռքին տակ են ուրեմն ու մեր խնամակալության հանձնված, այդ տղեկները, դողդոջուն շրթունքներով, անհաստատ նայվածքներով, դեդևուն սրունքներով ու վտիտ մարմիններով,