Այս էջը հաստատված է

-Մեկ քանի տեսակ համաճարակներ հայտնվեցան. ու օրը մինչև 45-50 տղաք կմեռնեին, մայրերը ցամքած աչքերով ու դժբախտության չափազանցութենե սրտմտած, առանց նույնիսկ քահանայի դիմելու՝ փոս մը կփորեին վրանին քով ու հոն կթաղեին մեռած տղաքը:

Պահ մը երիտասարդը կլռե, կզակը սեղմած, աչքերը կմոլորին. ձեռքի շարժումով մը ճակտին քրտինքը կթափե գետին ու կհառաչե.

- Օ՜ֆ… օ՜ֆ… օր կըլլար, որ մինչև հինգ տղու դիակ կելլեր մեկ վրանեն…

Երկա՜ր կնայինք տղու գերեզմաններուն: Իրավամբ ի՞նչ ընելու եկեր ենք այս դժբախտ երկրին մեջ: «Որբանոցը հողին տակն է», կհիշեմ երիտասարդին խոսքերը, ու աչքերս, հակառակ ինծի, կսևեռեին ծակերուն՝ որոնցմե հազիվ նշմարելի կապտորակ շոգի մը կբարձրնա ու կմարի արևուն շողշողուն լույսին մեջ: Ճանճերու սև երամը կելևէջե. անոնք չեն բարձրնար ու չեն տարածվիր, այլ հողի երեսին վրա կտատանին և ավելի սողալու երևույթ ունեին քան թռչելու:

Ի՜նչ եղերական, ի՜նչ հիմարացուցիչ պատկեր է. ու մեր խանդաղատանքն ու ցավն այնքա՛ն մեծ են, որ նեխության գարշահոտությունը չընկրկեր մեզի ու իրարու կըսենք, ավելի առաջանալու համար.

- Մեր տղոցը դիակներուն հոտն է՜…

- Օ՜ֆ… օ՜ֆ… - կրկին կհառաչե մեզի առաջնորդող երիտասարդը. խորունկ թաղված չեն, անոր համար է, որ կհոտին… սարսափը դեռ կշարունակեր…: Ուշ ատեն մայրերը կսողային վրաններեն դուրս և շուտ-շուտ կփորեին հողն ինչքա՛ն որ կրնային, երբեմն գերեզմանը չի գոցած կփախեին ու կմտնային իրենց վրանին տակ…:


Քանի՜, քանի՜ փոսեր ես իմ ձեռքովս եմ գոցեր:

Դարձյալ կլռե, ձայնը կմարի ու պահ մը ետքը կշարունակե.

- Մեր տեսածը մարդ չէ տեսած… այն օրերու մեռնողներուն երանի կուտայինք… սրտերնիս քար կտրած էր, ապա թե ոչ ինչպե՞ս պիտի դիմանայինք…: Առտու մը կին մը զավակը թաղեց վրանին քով. երեք չորս օր ետքը մյուսն ալ մեռավ. «ի՞նչ պետք կա նոր փոս բանալու, ըսին հոն հավաքված պառավներ, հողը դեռ կակուղ է,առաջնեկիդ