-Աչքերս կուրնա՜ն, քար կտրեր ե՜ն… ես ոչ հաց կուզեմ, ոչ օգնություն, արցունք տվեք ինծի՜…
Երկու տենդե այրած աչքեր իրենց նայվածքը կմխրճեն մեր աչքերուն մեջ:
- Մատներս չորնա՜ն… սա մատներովս ըրի…:
Ու գալարուն մատները կներկայացնե մեզի:
Նախապես բան մը կարելի չեղավ հասկնալ, որովհետև իր կցկտուր և ողբագին խոսքերը կընդհատվեին ահռելի տագնապներով. անիկա կուրծքը կբզկտեր ու մազերը կփետեր և լորձունքին մեջ կխեղդեր իր բառերը… ու վերջապես ուրիշներ եկան մեզի տեղեկացնել…
Իր պատմությունը, գիտեինք արդեն. Ադանա ոտք դրած օրերնիս լսած էինք զայն, ինչպես ամենեն ահավորներեն ավելի ահավոր դրվագ մը… սա էր այն մայրը, որ իր տասը մատներուն փորձած ոճիրովը խելագարած, հալածված, չարագուշակ կենդանու պես՝ կթափառեր ավերակներուն մեջ և ամեն մեկ սգավորեն ավելի սգավոր, ամեն մեկ արկածյալեն ավելի դժբախտ, կջանար իր դժոխային տերտը հասկցնել…
Այն սև օրերուն մեջ էր… խումբ մը մարդիկ հանկարծակիի եկած, շրջապատված կոտորողներեն, կապաստանին նկուղի մը մեջ. ոմանք արդեն զարնված են և ոմանք արդեն սգավոր. բայց բոլոր հծծյունները, բոլոր ինքնակորույս վիրավորվածները կլռեն ու նկուղը գերեզմանային լռություն կստանա: Իրենց վերև անընդհատ հրացաններու ձայները կսուրան ու վառոդի, հրդեհի ծուխը սպրդելով մինչև իրենց՝ վտանգի մերձավորությունը կազդարարե: Սարսափահար՝ իրենք միշտ լուռ են ու անշարժ. հանկարծ, անգիտակից ու խիզախ, մանկական ձայն մը կճչե: Ինքնապաշտպանության հոգեն գազանացած, մարդիկ կուզեին զայն խլել: Հոն են մանկիկին հայրն ու մայրը, սարսափելի ոճիրը վճռված է. տասնհինգ զույգ բոցավառ աչքեր, նկուղին մթության մեջ կփնտրեն զայն… բազուկներ կսողան դեպի անոր… չեն խոսիր ու չեն տեսնար զիրար, բայց մայրը կհասկնա և խուլ ձայնով կառաջարկե՝ հուսալով, որ մահը նվազ վայրագ