Այս էջը հաստատված է

Եկեղեցիին բակը միշտ խռնված էր ամբոխը. օր օրի ավելի պահանջկոտ՝ զայրույթի տագնապներ կունենար, որոնք կվերջանային միշտ ողբի և լացի մեջ…

-Ցավե՜րդ առնեմ, զարկի՛, զարկի՛, իրավ է, բայց ի՞նչով պիտի պատժեք ինծի. Աստված իր հարվածը տվեր է արդեն իմ գլուխս…:

Ուրիշ անգամ կին մը, խելահեղ, բարկութենեն փրփրած կպատասխաներ.

- Երեք զավակներովս հուրի և սուրի մեջեն ազատեցա, ու այս սև հողին վրա երեքն ալ մեկիկ-մեկիկ կորսնցուցի: Աչքերուս մեջ արցունք չէ մնացեր, ձայնիս մեջ ողբ չէ մնացեր. սիրտս քարի պես կարծր է, թող աշխարհ ավեր ավերակ դառնա, իմ ինչո՞ւս է պետք…

Երբեմն, զիրենք հանդարտեցնելու համար, մեր ըրած բոլոր ջանքերն ապարդյուն կդառնային. յուրաքանչյուրին դժբախտությունն այնքան մեծ էր, որ անողոք և անսիրտ դարձած էին. իրենց սև աչքերուն մեջ արցունքին ընդմեջեն կտեսնեինք անողորմ կարծրությունն իրենց զայրույթներուն…:

Այդ օրը այլևայլ գյուղերու պատկանող այրիներն էին, որ խեռ աչքով կնայեին իրարու: Երբեմն արկածյալ քահանայի մը թշվառական և սև սիլուետը կցցվեր իրենց շարքերուն մեջ. պատառատուն վեղարներով, ճերմկոտած գտակներով, թնճկված մորուքներով, անոնք ավելի դժբախտ կթվեին մեզի. մխիթարության և հաշտության խոսքերը սպառած էին իրենց չորցած շրթունքներուն վրա: Ատոնցմե ոմանք կռված էին թշնամիին դեմ, և ոմանք վիրավորված կամ անդամահատված էին. իրենց մասին, դաժան և մռայլ դեմքերուն վրայեն անհետացած էր քրիստոնեական անդորրությունը: Ոմանք, անհագ, ամեն բան հափշտակելու ձգտումներով զորացած կուգային մեր դեմ ու կպահանջեին: Իսկ ուրիշներ համբերությամբ և կրոնական երկյուղածությամբ կկրեին այն խաչը, որ դրված էր իրենց ուսերուն վրա: Ուղղակի ենթարկված ըլլալով խուժանին մոլեռանդության, իրենցմե շատերը սարսափելի մահերով մեռած էին. ընդհանրապես ոճրագործները ոչ սուր գործածել էին և ոչ հրացան իրենց համար, այլ տապար: Մեր ճամփորդության միջոցին հաճախ տեսանք խտացած և սևցած արյունը մեր եկեղեցիի նահատակներուն: