- Մինակ մեկը, երիտասարդ մը, որ զենքը պահած էր, յոթը թշնամի սպանեց և կրցավ փախչիլ. մնացածները սպանվեցան, և գյուղը կրակի տրվեցավ: 265 Ապտօղլը գյուղացիեն քանի մը հոգի մնաց, ան ալ մեծ մասով կին:
- Պաղտատօղլո՞ւն, - կհարցնենք անմիջապես:
- Պաղտատօղլուն իր տան մեջ սպաննվեցավ անլուր չարչարանքներով, իր աչքերուն առաջք իր կնոջը, զավակներուն, հարսերուն և թոռներուն մեռնիլը տեսնալե ետքը:
Մինչ քահանան Ապտօղլուի եղերական պատմությունը կըներ, ուրիշ շրջակա գյուղերեն այրիներ ու մարդիկ խռնված էին Առաջնորդարանին դռան առաջք: Ոմանք կուլային ու ոմանք բարկությամբ կբացականչեին. երբեմն արտասվագին աչքերով ու հեծկլտանքներեն խռպոտ ձայնով այրի մը կկրկներ…
- Ա՜խ, ա՜խ, այդպես է, այդպե՜ս է…
Հաճախ տարբեր գյուղերե էին այդ հաստատումը ընողները, բայց դեպքն իր ընդհանուր գիծերուն մեջ այնպիսի նմանություններ ուներ, որ լսողները կկարծեին, թե իրենց գյուղին պատահածն էր պատմվածը:
Առհասարակ, կոտորվող գյուղացիներուն մեծ ցավը սա էր, որ չէին դիմադրած. անձնատուր ըլլալով կարծեր էին, կյանքերնին ազատել, բայց դառն փորձությունը ցույց էր տվեր, թե ազատվողներն անոնք էին, որոնք զենքերնին ձեռքերնին մնացած էին:
- Շվարեցանք, չգիտցանք, հանկարծակիի եկանք, կյանքն անուշ է, ամենեն դժբախտին համար ալ կյանքն անուշ է… կարծեցինք, որ պիտի խնայեն…:
Այս ամոթալի խոստովանություններու միջոցին հանկարծ մեր դեմ սլացավ հասուն տարիքով մեծղի և հաղթանդամ մարդ մը. աչքերեն կրակ կցայտեր և ազնվական զայրույթով մը դողահար կթվեր…
- Ստրուկի զավակներ, ստրուկի թոռնե՜ր… թո՜ւ ձեզի: Եվ արհամարհանքով թքավ սահմռկած ամբոխին երեսին… - Թո՜ւ… ձեզի… կյանքն անուշ է… իրավ է, բայց դուք ի՞նչ երես ունիք ապրելու. նայեցեք սա խեղճերուն վրա և ձեռքովը կցնցեր այրիները և ըսեք բաց սրտով թե կյանքն ի՞նչ անուշություն պահած է