ձեզի համար…
Երկու խոշոր և կոշկոռցած ձեռքերը կգալարվին կուրծքին վրա և կարծես չէր գիտեր զանոնք ո՞ւր տեղավորցնել:
- Փչացա՜նք, մաֆ եղա՜նք… ունեցածնիս թալնեցին, մնացածն այրեցին, մեզ՝ պառավները և կույրերը ձգեցին… տղու պես խաբվեցանք, ունեցած սիլահներնիս իրենց տվինք ու մեր թափած գնդակներովը զարնվեցա՜նք…
Գլուխը կշարժեր և ամբողջ մարմնով կղողդողար ու բառերը հետզհետե դժվարավ կուգային իր շրթունքներուն վրա՜…
- Աս մեկ չէ՝, երկուք չէ՝. միլլեթին արյունը նոր չպիտի թափի… շատ լավ գիտեինք, բայց չգիտնալու զարկինք, կույր և խուլ ձևացանք… թո՜ւ մեզի… ի՞նչի համար, որո՞ւ համար կապրինք այս աշխարհիս վրա…: Մեռնիլ չգիտցող մարդը, ապրելու արժանի չէ՜… ստրուկի զավակնե՜ր…
Հիացած այս նորօրինակ արկածյալի երևումեն ու տարված իր խոսքերեն՝ մտիկ կընենք զինքը, որ հանկարծ մեզի դառնալով ըսավ.
- Ես Շեյխ Մուրատցի եմ… մեր գյուղն ալ պաշարվեցավ. մեր հոգիներն ալ հոգի էին, մենք ալ ապրելու հավես ունեինք, բայց գիտցանք, որ մեռնելու օրը հասած է՜…
Րոպե մը լռեց, հիշողությանը մեջ ամփոփելով ամբողջ պատահածը:
Նույն միջոցին մեկն իրեն աթոռ մը տված ըլլալով, իր սև և կոշկոռցած ձեռքերովն առավ, դեպի առաջ քշեց ու մեր մոտ նստեցավ: Հետո գրպանեն հանելով ծխախոտի տուփը, սիգարետ մը ոլորեց դանդաղությամբ:
Ատով ժամանակ ունեցանք իր դեմքը դիտելու: Ցեղին ո՞ր մաքուր մնացած երակեն կազմված էին այդ խումբ մը գյուղացիները, որոնք վարժված հողին երեսն աշխատելու և ըստ երևույթին այնքան նման մյուս գյուղացիներուն, հանկարծ ուրիշ ձևով երևան եկած էին աղետի օրերուն մեջ: Ինքը չափազանց թուխ էր և արևի տակ աշխատող մարդոց հատուկ կնճիռներ կերկարեին ճակտին վրա. աչքերն ապաստանած երկար և թավ թարթիչներու ներքև, անսահմանելի բոց մը ունեին, որոնց մեջ տևականորեն կվառեր զայրույթը, ըմբոստությունը.