քիթը հայկական և թեթև մը արծվային՝ կազնվացներ իր գեղջուկի կնճռոտ դեմքը և թանձր շրթունքը միայն իր վրա կնշանակեին բարի և խաղաղ ընդունակությունները հայ գյուղացիին:
- Ես ըսեմ ու դուք գրեցե՜ք և թող ալամ աշխարհ իմանա, որ Շեյխ Մուրատցիին արյունը զուր տեղը չի թափի՜ր:
Ծնած ու ապրած ըլլալով իր գյուղի նեղ շրջանակին մեջ՝ կկարծեր, որ ամբողջ աշխարհի համար նշանակություն ուներ իրենց վարվելու կերպն աղետի դժխեմ օրերու մեջ: Ու մենք ալ այդ րոպեին, ճիշտը ըսելով, կբաժնեինք իր հոգեբանությունը, ու թերևս իր գյուղացիի բնազդը չէր սխալեր ու Շեյխ Մուրատի ինքնապաշտպանությունն իր մեծ կարևորությունն ունի մեր հարատև վտանգի ենթարկված ցեղին համար:
Անիկա այսպես պատմեց.
- Երկու օր էր, որ դուշմանը Չերքեզ գյուղի մեջ հավաքված էր, և այդ երկու օրվան մեջ, մեր գյուղացիները տուներեն դուրս չելան: Բայց քանի, մը հոգի պարագլուխ ըլլալով որոշեցին ընելիքնին: Հավաքեցին զենքերը, թեև եղածը մեծ բան չէր. խրմա, չիֆթե, տոլմա չիֆթե, թեք թյուֆենկ, խրմա թեք թյուֆենկ, վեցհարվածյան ևն: Հետո հաշվեցինք, որ ցրված մնալը լավագույն չէ,մեկ տան մեջ հավքվեցանք:
Հինգշաբթի օրը եկան և մեզ պաշարեցին ու հետո, կանաչ դրոշակներ պարզած և ոռնալով, մտան Շեյխ Մուրատ: Գյուղը լուռ էր ինչպես եթե պարապ ըլլար. մարթինիի գնդակներ օդին մեջ սուլելով կանցնեին… նախ վառեցին պարապ մնացած տուները, եկեղեցին ու հետո հարձակվեցան մեր վրա: Հինգ օր շարունակ կռվեցանք. թշնամին զարմացած ու բարկությունեն փրփրած կգոչեր.
- Գյավուրներ, անձնատուր եղե՛ք:
Չէ՛, անձնատուր չպիտի ըլլայինք… մեր զենքերն անբավական էին… մեկ քանի քաջեր գետնին վրայեն սողալով, փորձեցին երթալ և մեռած իսլամներուն զենքերն առնել. բայց անոնցմե ոչ մեկը չդարձավ: Գետնին երեսին, փոսերուս վրա պառկած, հինգ օր կռվեցանք… իրարու հետ չէինք խոսեր, որովհետև ականջնիս հողին դնելով կլսեինք թշնամիներուն շարժումները և անոնցմե շատ բան կհասկանայինք: