մեր ձեռքերը կգործեն, ծրարներ կկազմենք, թվեր կգրենք և մեր պակսած նյութեղեններուն փոխարեն փուսուլաներ կտանք, որոնց թանկագին առարկաներու պես այրիները կկապեն իրենց քողերուն ծայրը. ու ամենքն ալ, մեր մեկ քաջալերության վրա, խոսքի կբռնվին ու կպատմեն իրենց ողորմելի պատմությունները…: Շատ անգամ հեռու տեղերե եկած են միմիայն այդ նպատակավ և չենք կրնար զիրենք մերժել մտիկ ընելե՝ հակառակ, որ ժամանակը կանցնի և դուրսը դեռ անհամար կարոտյալներ կան, որ իրենց կարգին կսպասեն: Երբեմն երեք-չորս հոգի մեկեն կխոսին՝ յուրաքանչյուրը մեզմե մեկուն կառչած, ու հավատարմությամբ և մանրամասնություններով կպատմեն ինչ որ տեսան ու ինչ որ կրեցին, ու կարծես այսպես ընելով համոզված են, որ պարտք մըն է, որ կհատուցանեն մեզի: Այսպես՝ մինչ այրի մը ինծի կխոսեր իր ողորմելի կյանքին վրա, միևնույն ատեն անդին կլսեի գյուղացիի մը՝ Աղզը Պեոյիքեն, որ կըսեր.
-Շեյխ Մուրատեն չորս ժամ հեռու ըլլալով, տուներուն վրայեն կտեսնինք ամեն բան. նախապես անոնք մեզի համոզած էին, որ երթանք միանանք իրենց հետ ու միասին դիմադրենք. վախեցանք ու մտիկ չըրինք. վերջապես Արապքեյեն եկան, սպաննեցին ու թալլեցին:
Օրը կտարաժամի ու մեր գործը չվերջանար և մեր լսած բոլոր ահռելի եղելություններուն մեջ, ավա՜ղ, Շեյխ Մուրատի նման պատմություն չի կրկնվի այն օրը:
Ուշ ատեն հայտարարեցինք, որ այդ օրվան բաշխումը վերջացած էր: Եկեղեցիին բակը խռնված ամբոխին վրայեն դժգոհության դող մը անցավ. երկարորեն գանգատելով և տրտնջալով ողբացին իրենց թշվառության վրա և խումբեր կազմելով յուրաքանչյուր գյուղացիները՝ հեռացան կամաց-կամաց:
Վերջալույսը զովություն և խաղաղություն կբերե մեզի գոնե քանի մը ժամվան համար: Մենք, վերջացնելով ծրարելե մնացյալ իրեղենները, լռին կարտորայինք, երբ սուր և պատռող ձայն մը մեզի ցնցեց ու հարկադրեց, որ թողելով ամեն բան դուրս ելլեինք: Սևավոր կին մը հորդառատ արցունք կթափեր և կուրծքը կբզկտեր. իր քովը մեկ քանի այրիներ կեցած գրեթե անտարբերությամբ կդիտեին անոր տագնապը: Անդին, կույր կին մը պատին կռթնած, միօրինակ ձայնով օրոր