ելեք գացեք, գլուխնուդ ճարը տեսեք, ուրիշներուն ալ փորձանք մի' ըլլաք:
Թուլցած ու տկարացած՝ լռիկ մնջիկ կարտասվեի: Թուրք կինը գանգատելով և հայհոյելով հեռացավ վերջապես:
Այդ միջոցին էր, որ Աղզը Գանլն լուր էր ղրկեր, որ ես և Կարապետս, դրացի թուրքին տունը երթանք, այն թուրքին տունը` որ մեզի հորդորած էր մահմեդականությունն ընդունիլ, իսկ նիքեահլները և երկու փոքրիկ աղջիկներս իր ընտանիքին քովը ձգենք:
Խուժանը մինչև մեր ապաստանած տանը շեմը հասած էր. բարձրադիր պատուհանե մը երբեմն կտեսնեի սև բազուկներ, հրացանի փողեր ու խուժանը կգոռար կատաղած գազանի պես:
Ետևի դուռնեն տղուս հետ, գետնին վրայեն սողալով, գացինք դրացի թուրքին տունը. հոն մնացին աղջիկներս, որոնք փսիաթներու տակ ծածկվեցան. վերջեն իմացա, որ ջարդողները գտել էին զիրենք և դուրս հանել՝ սպաննելու համար: Բայց հանկարծ խուժանին մեջեն մեկը պոռացել էր. «Կիները պետք չէ սպաննել. պառավները, կույրերը, խեղանդամները ձգեցեք ու մնացածը տարեք»: Բայց որովհետև լսել էին, որ երկու աղջիկներս նիքեահ եղած են դարձուցեր էին զիրենք մուխթարին տունը: Հետո ամբոխը եկավ մեր գտնված տունը և պաշարեց, սպառնալով տնեցիներուն, որ եթե կյավուրները դուրս չհանեն, տունը կրակի պիտի տան:
Այն ատեն տանը թուրք կիները կատղած և աչքերնին դարձած՝ վրանիս եկան ու մեզի դուրս քշեցին: Շեմին վրա կեցած, երկու սուրին մեջ մնացեր էի: Կարապե՜տս, ա՜խ, մեռելի պես ճերմակ էր և ոտքի վրա չէր կրնար կենալ. մարմինովս ծածկեցի զինքը, աչքերս գոցեցի ու պոռացի.
- Նախ ինձի սպաննեցե՛ք: Սև և չոր դեմք մը գրեթե դպավ իմ դեմքիս և ըսավ խնդալով.
- Կիները սպաննելու հրաման չկա, դուն անդին կորսուե՛:
Այն ատեն լսեցի խորդալու պես ձայն մը. կարծես մեկը կխեղդվեր. ետիս դարձա, ամա՜ն… այդ րոպեն… ի՞նչպես ապրեցա այդ րոպեն… մեկը Կարապետիս թևեն բռնած կքաշեր ու անիկա կընդդիմանար, կքաշքշեր գետնին վրա. վերջապես ինքզինքն ազատեց թշնամիին