Այս էջը հաստատված է

մորը, որ կախված տղան մղձավանջեն հալածված, կուրծքը ծեծելով, ցնցոտիները պատռելով՝ գովասանքը կըներ իր նահատակված տղուն ու արցունքի ծարավի կգոչեր. «Աչքերս չորցած աղբյուր դարձան… տղաքնե՜րս… սրտիս կրակեն չորցա… տղաքներս… ամա՜ն…»:

Հոն տեսա մայրեր, որ իրենց գավակները խեղդած էին՝ անոնց մանկական ճիչերեն չմատնվելու համար իրենց թաքստոցին մեջ, հոն տեսա կիներ, որ անդամալուծված, լեզունին շրթներուն վրա կախված, անկարող էին իրենց սրտին ցավը գոչելու, հոն տեսա խելագարվածներ, որ փոխանակ մոռնալու, սոսկալի վայրկյանը կապրեին շարունակաբար, տեսա, որ հալածված էին իրարու ետև ընկնող սիրելիներու հիշատակով ու չգիտեին, թե որո՞ւ վրա լան… «Շուտով դրին հոն, քովե քով, ու զարկին, զարկի՜ն, զարկի՜ն ու ամենքն ալ սանկ երերացին մեկ մը ու ինկա՜ն… ու անոնք իմ հայրս, իմ ամուսինս ու տղաքներս էին, և ես հիմակ մենակ եմ, վերաններու վրա մնացած բուին պե՜ս… ախ…»:

Երբեմն անտարբեր կթվին, կարծես քարացած իրենց վշտին սաստկության մեջ. հանդարտ դեմքով մը՝ որուն վրա նյարդ մըն իսկ չի շարժիր՝ կպատմեն ահավոր եղելություններ, իրենց յուրաքանչյուր բառը՝ հոսած արյուն է. ու հանկարծ կկենան, աչքերնին կբոցավառի հիմարական փայլով մը, ի՞նչ կպատկերանա իրենց մտքին… ու կպոռան ինքզինքնուն ելած՝ կառչելով մեր հուզմունքին, օգնություն խնդրելով մեր արցունքներեն, մեր զգացումներու մերձավորութենեն…

Ավերակ քաղաքին մեջ… ավերակ սրտերուն մեջ… ամեն բան փչացած է. հիմարացած գեղջկուհիի մը շարժումը կուրվագծվի մտքիս մեջ, որ համադրելով բոլոր իրենց գեղին պատահածը, ձեռքովը լայն շարժում մը կընե ու կըսե, կկրկնե մեքենաբար. «Կուզես հավատա՛, կուզես մի՛ հավատար, ամեն բան մաֆ է, մա՜ֆ…»:

Ու ինչ-որ անկանգնելի ու անդարմանելի կթվի այս անսահմանելի աղետին մեջ, մոխրացած տուները, քանդված այգիները չեն, ոչ ալ մեռնողներու թվին մեծությունը, այլ այն ջլատիչ ներքին զգացումը, որ կծածանի ամենուն աչքերուն մեջ, ողորմելիորեն, հուսահատորեն