տարին տառապանքով բեռնավոր էր: Երբ իրենց զավակները հիշեին, չէին մոռնար, որ հողին հանձնված են. երբ իրենց սև հարսանիքները հիշեին, չէին մոռնար այն բոլոր վիրավորանքները, որոնց ենթարկված էր իրենց նոր հարսի խպնոտությունը, կերած հացերնին ու խմած ջուրերնին արյունոտ էր և կյանքը դառնահամ և թունավոր պտուղի մը պես էր իրենց համար:
Ինչպես որ եկեր էին, ձգտելով փախչիլ իրենց ճակատագրեն, հաճախ աննպատակ, բռնելով դիմացի ճամփան, հալածված անոթութենե, սուգե, սարսափե, այնպես ալ կրկին, հիմա կուզեին մեկնիլ։ Ցրված ու կոտորված ընտանիքներու բեկորները կմիանային իրարու, հեմշերիներու խումբեր կկազմեին ու հավաքաբար կապրեին, հավաքաբար կծրագրեին, հավաքաբար ճամփա կելլեին: Իրենցմե յուրաքանչյուրը կարծես կորսնցուցած էր այլևս մարդկային կամքի, անհատական ուրախություններու և ցավերու գաղափարն իսկ, ամեն մեկն առանձին` մարդկային խլյակ մըն էր, շվարուն, կորսված: Ու ինչպես ուղեկորույս թռչունը` իր երամին, անոնք կդառնային իրենց հեմշերիներու խմբակին: Ի՞նչով և ի՞նչպես պիտի կարենայինք թոթափել զիրենք դարավոր տառապանքի թմրութենեն, վերադարձնել զիրենք մարդկային հրայրքներու, վառել իրենց աչքը լույսով, պարզել իրենց սևագիր ճակատները, հույս և ժպիտ տալ իրենց մեռած ու անեծքե չորցած շրթունքներուն: Մեկ բան միայն զիրենք կդրդեր այդ ուղղությամբ, վերադարձը դեպի հոն, ուր ծներ ու մեծցեր էին, հոն, ուր` արդեն անգամ մըն ալ վառեր էր այս նույն կրակը, հոն` ձգեր էին իրենց արտերը, իրենց սիրելիներուն գերեզմանները, այն ծառերը` որոնցմե հաջորդաբար իրենց հորը, իրենց զավակներուն օրրանները կախված էին, կարկաչող ջուրերը, անցնող քամիները, սավառնող ամպերը, սարերը ու ձորերը… ու հայրենիքի սփոփարար հիշատակը կմաքրեր ու կսրբեր իրենց հոգիեն հոն կուտակված թույները, քեները և ոխերը:
-Վաթա՜ն, հողիդ ղուրբա՜ն… արյունս հոս թափելու տեղ` թող քու ծոցիդ մեջ թափի`…
Նյութական, ճղճիմ դժվարություններ արգելք կըլլային իրենց: Մենք մեր բոլոր ջանքերը կընեինք իրենց օգնելու համար, և երբեմն կհաջողեինք ճամփա հանել զիրենք: