Այս էջը հաստատված է

և այդ՝ ոտքի տակ գացած, բիրտ ներբաններու տակ ճզմված ժողովուրդի մը զգացումն է: Այն գլուխները, որ լույսի և ազատության ծարավի, պահ մը բարձրացած էին մարդկորեն, ջախջախված են հիմա աններող անգթությամբ մը: Այս մտածումովը տանջված կնայիմ քանդված քաղաքին վրա՝ որուն մոխրակույտերն ահավոր և տարբեր նշանակություն մը կստանան ու ահավասիկ սակայն այս չարաբաստիկ ամլության ու հուսահատության մեջ հույսի ժպիտ մը կծաղկի…:

Ավերակներու մեջ, կես մը փլած պատերու շուքին տակ կիներ ապաստանած են ու օրորան մը՝ մեկ պատեն մյուսը ձգված, կտատանի մեղմորեն: Ո՞վ գիտե. ինչ-որ մեր ցավի սաստկությունը անկարելի կներկայացնե՝ թերևս կարելի ըլլա ժողովուրդի վերածնության անխոնջ ու անգիտակից հանճարին համար: Որովհետև այդ թշվառ տղու անշուք օրորանը, ընդհանուր ու մեծ դժբախտությանն անտարբեր՝ կյանքի անհաղթելի ձգտումովը զորավոր, կտանի այս հսկայական գերեզմանի վրա՝ արհամարհելով թե՛ գետնաքարշ թշվառությունը նահատակված Ժողովուրդին, թե՛ ճիվաղային բրտությունը ոճրագործներուն: