Այս էջը հաստատված է

Այսպես էր, որ թերևս, հաճախ, անկարող կդառնայինք զիրենք մխիթարելու, իրենց ցավն ամոքելու, որովհետև փոխանակ զիրենք մոռացության առաջնորդելու, այրիներուն հետ կուլայինք, որբերուն հետ որբացած կզգայինք ինքզինքնիս, պայքարողներուն հետ կխիզախեինք, ըմբոստներուն հետ կարհամարհեինք և ստրկացածներուն հետ նսեմացած ու կոխոտված կզգայինք մեր հոգիները: Ու այս հարափոփոխ և դժնդակ ուժգնությանը մեջ մեր հրայրքներռւն, մեկ վայրկյանի մեջ կապրեինք դարեր ու ամբողջ ցավը ժողովուրդի մը հավաքական դժբախտության:

Խարբերդցի կնոջ աչքերը տամկցած էին արյունախառն արցունքով մը, և պղտոր բիբերը գետին խոնարհած, լաչակին ծայրովը կսրբեր այտերուն իջած թարախոտ խոնավությունը: Մեկեն գլուխը բարձրցուց և իր լայն ճակատը դարձուցած մեզի՝ խոսեցավ:

Գաղթական էին ու հաստատուն Կիլիկիո մեջ հայկական կոտորածներեն ի վեր: Ամուսինը և երկու երիտասարդ տղաքն ինչպես իր փեսան կորսնցուցեր էր Ադանայի դեպքերու միջոցին. միայն կիները մնացեր էին և աղջկանը չորս որբերը, ու ինքը, նախապես մայր ընդարձակ և երջանիկ ընտանիքի մը, հիմա դարձեր էր այրիներու և որբերու մայր:

«Այն օրը, - կըսեր, իր հեծեծագին և ազնվական ձայնով,֊թշնամությունը սաստիկ էր հրահրված կրակի պես: Հանկարծակիի եկանք, բայց տղաքս առյուծի պես կանգնեցան: Մեզ, կիներն ու տղաքը դրին սենյակի մը մեջ, ու իրենք կռվեցան երկար ատեն… ժամեր ու Ժամե՜ր…: Խենթի պես էինք, չգիտցանք, թե ի՞նչ էր պատահածը: Դուրսեն գնդակներն անդադար կզարնվեին ու մերինները կպատասխանեին հատիկ, հատիկ, մինչև որ դադրեցան…: Հանկարծ մեր սենյակին դուռը բացվեցավ, ու մեծ տղաս երեցավ, եկավ ինծի, վիզս փաթթվեցավ ու ականջիս գոչեց. «Ես կմեռնիմ, մայրիկ, էվել-պակաս հելալ ըրե»… Դեո չէի հասկցած իր խոսքերուն նշանակությունը, երբ անիկա դուրս թռավ. ետևեն գացի. մյուս տղաս, փեսաս և ամուսինս գետինն ինկած էին. ո՞ր մեկին երթայի,