հոգն էր. շատերը կըսեին, գացեք, առեք. Ստամբուլեն ղրկել ե՜ն…: Աստված ճամփողներն ալ օրհնե, տվողներն ալ - բայց մեր սրտերը կրակներու մեջ էին… կվառեին, կվառեին, չէին հատնե՜ր… թողեք կըսեի, տեղս նստիմ, տերտս լամ…»:
Անմիջապես կզբաղինք իրենց ճամփորդությունով, կարգադրություններ կընենք, կխոստանանք հարկ եղածը հայթայթել:
«Որբերս տանիմ, հելալ հողի վրա ու հոգիս տա՜մ…»:
Ու իր այս բաղձանքովը կեռանգոտի, շարժում ու կյանք կուգա իր անդամալուծված մարմնին մեջ: Ու մինչ կկարծենք, թե նոր հույսեր և նոր տենչանքներ կխանդավառեն զինքը, հանկարծ կձգե ծրարները, ձեռքի զգեստները. ու քարացած, թևերը կողերն ի վար կախ կմնա անշարժ. երկու զույգ արյունոտ արտևանունքներ կքթթեն տենդագին արագությամբ մը, ու, օրվան իրականութենեն բացակայած, միտքը մոլորած, կինը կմնա անշարժ: Երբ անճրկած կնայինք իրեն ու հարցումներով կուզենք զինքը դրդել, անիկա կըսե ուրվականային ձայնով մը.
- Դիակները կտանեին գետը կնետեին, մերիններն ո՞ւր մնացին: