Այս էջը հաստատված է

իր շարժումները հանդարտ էին և գրեթե դանդաղ ու կխորհեի, թե ի՞նչ թաքուն կատաղություն և զգացում բորբոքած էր այդ թիկնեղ երիտասարդն աղետի օրերուն մեջ: Երբ տեղեկություն հարցուցինք իր վերքին մասին, գրեթե անփույթ պատասխանեց մեզի, այլ սակայն այն վերքեն էր, որ գրեթե տարի մը ետքը գերեզման պիտի տաներ զինքը: Իր մեկ եղբայրն արդեն մեռած էր կռվի մեջ, ու երբ անոր խոսքը կըլլար, երկու եղբայրները խորունկ սուգով մը կանդրադառնային այդ վշտին վրա:

Հոն էին նաև ուրիշ երկու եղբայրներ, գրեթե պատանի, որոնց մեկը նույնպես կռված էր այն օրերուն: Երբ դիմադրելու, ամեն մի հույս այլևս կորսված էր, տասնյակ անգամներ կյանքը վտանգի դնելով՝ օգնած էր վիրավորյալներու, ծերերու, անկարներու փոխադրությանն օտար հաստատություններու մեջ, որոնք սակայն վերջ ի վերջո, իրենց կարգին հրո ճարակ պիտի դառնային:

Այն օրը, որ իրենց այցելեցինք, տարակույսը և վհատությունը գրավել էին զիրենք: Հյուպատոսը կպնդեր իրեն առաջարկության վրա. պետք էր անձնատուր ըլլային, ու իրենք երկու մասի բաժնված էին. ոմանք հիմարություն կհամարեին այդպիսի փորձ մը ընել, իսկ ուրիշներ համակարծիք էին հանձնվելու, հոգնած և զզված իրենց երկարատև և կամովին բանտարկութենեն:

Դեպքերեն հաջորդող առաջին օրերու բանտարկյալներեն ահռելի լուրեր եկած էին. տանջել ու չարչարել էին զիրե՜նք, անլուր խոշտանգումներու ենթարկվեր էին պարզ և անհիմն կասկածի վրա այնպիսի մարդիկ, որոնք արդեն շատ տառապած էին, այնպես որ մահը նախանձելի և բարերար խորհելով, սրտի անբացատրելի սեղմումով մը կանդրադառնայի բոլոր այն սոսկալի հավանականությանց վրա, որոնք կսավառնեին այդ երիտասարդ, հուժկու և արի գլուխներուն շուրջ:

Քանի մը օր այդպես տևեց, ու օրին մեկն ալ ամենքը համաձայն գտնվեցան. անձնատուր պիտի ըլլային, մենք կզգուշանայինք որևէ խոսքով կամ որևէ թելադրություններով կշռելու իրենց որոշումին մեջ: Մեր սրտերը հանգիստ չէին, հորիզոնը դեռ պարզ չէր, որոտալից և սև փոթորիկներ կսպառնային ամեն մեկուն: