հանդարտ կթվեին. կհիշեմ նույնիսկ, որ իրենք եղան մեզի ամրապնդողը, մեզի հույս ու եռանդ ներշնչողը. գրեթե ուրախությունով դարձանք իրենց ընտանիքներում քով:
Կառավարչատան մյուս կողմը նախկին դպրոցի շենք մը վերածված էր նաև բանտի. ու մեր ստիպողական պարտավորություններեն մեկն ալ հոնտեղի բանտարկյալներուն այցելելն էր: Բոլորն ալ հայ էին. իսկ ուրիշ մաս մը հայ բանտարկյալներ կգտնվեին բուն իսկ բանտին մեջ, թուրքերու հետ: Առանց մեծ դժվարության, հաջողեցանք մուտք ունենալ հայ բանտարկյալներու սրահին մեջ:
Շենքը կբաղկանար երկու հարկե. ոչ միայն մուտքը, այլ նաև շրջակայքը պաշտպանված էին զինված զինվորներով, որոնք կփոխվեին երկու ժամն անգամ մը:
Հայերը հոն էին շաբաթներե ի վեր. իրենց մեջ կային ծերունիներ, երիտասարդներ, հիվանդներ և վիրավորվածներ: Իրենց անձկությունը և մտահոգությունը չափ ու սահման չուներ, որովհետև կտրված ըլլալով ամեն հարաբերութենե, չէին գիտեր, թե իրենց ընտանիքին ցրված անդամներն ի՞նչ եղած էին: Շատերը ծանր սուգով սգավորված էին և մահը ցանկալի կերևար իրենց: Ոմանք համրորեն կհյուծվեին և արդեն անջատված կթվեին աշխարհես: Հոն էր, որ ճանչցանք ընտանիքի դժբախտ հայր մը, որ իր կինը և զավակներեն մեկ երկուքը զոհ տալեն ետքը թշնամիին գնդակներուն, ամբաստանված էր ծանր հանցանքով, որովհետև իր տունեն քանի մը մետր հեռու իսլամի դիակ մը գտնված էր: Կհիշեմ իր քաղցր ծերունիի խոհուն դեմքը, պարզ ճակատը և ցավով ու արցունքով լեցուն աչքերը: Խեղճը բնավ չէր խոսեր. իրեն համար կըսեին, թե գրեթե հիմարացած է. և արդարև նշմարեցինք, որ մեքենական և համառ շարժումով մեյ մը մեկ, մեյ մը մյուս ձեռքով աներևույթ բան մը կհեռացներ իր ճակատեն: Հոն էր նաև, որ աոաջին անգամ ծանոթացանք նշանավոր Կյոքտերելյանին, որու մասին արտակարգ առասպելներ հյուսված էին և որուն շուրջը կար մասնավոր հսկողություն, սարսափած իր թաքուն զորութենեն և իրեն վերագրված ոճիրներեն…
Երբեք չպիտի մոռնամ իր հսկայի և ճշմարտապես առասպելական հերոսի տիտանյան հասակը, փառավոր մորուքը, մագնիսացնող