Այս էջը հաստատված է

աչքերը, որոնք ազդելու էին իսկ զինքը հսկելու կոչված պաշտոնյաներուն վրա: Բայց մեր ուշադրության մասնավոր առարկաները երկու հիվանդներն էին, մեկը տարեց և մյուսը երիտասարդ, որոնք կհյուծեին անողոք հիվանդութենե մը բռնված: Իրենց ջերմագին և բոցեղ նայվածքը կկառչեր մեզի, կպաղատեր մեզի: Անոնց հիշատակովը կտանջվեինք երկար ատեն:

Մեր տեսակցությունները կարճ էին ու անկատար, հարկադրված էինք թրքերեն խոսիլ և այդ ալ զապթիեն ներկայությանը: Երբեմն կնախընտրեինք բնավ չխոսիլ: Ու այդ անիրավված, այդ անարդար մարտիրոսության ենթարկված եղբայրներու վրա մեր նայվածքը կպտտցնեինք գթությամբ, ցավով և սրտագին զգացումներով:

Երբեմն մխիթարությունը փոխանակ մեզմե իրենց հասնելու, իրենցմե մեզի կուգար. երկու պողպատի պես պինդ և ճկուն բազուկները ծալած կուրծքին վրա, երիտասարդ մը կմոտենար մեզի և իր աչքերն անսահման գոհունակությամբ կժպտեին: Կզգայինք, որ մեկն իր պարտականությունը կատարած զինվորի հանդարտությունով պատրաստ էր խաղաղությամբ մեռնելու և անարդար դատաստանի մը բոլոր խստություններն անկարող էին իր հոգեկան անխառն երջանկությունը վրդովելու: Ոմանք տխուր, բայց հանդարտ էին, և ոմանց մեջ վրեժի զգացումը դեռ արծարծված և սաստիկ էր: Այս վերջիններուն դեմքերուն մկանունքները պրկված ու գալարված էին, աչքերնին լեցուն էր մթին թշնամությունով, բայց ինչ որ մեզ ամենեն ավելի դժվար դրության մեջ կդներ, ու չէինք գիտնար, թե ինչ դիրք պետք էր բռնեինք, իրենց հանկարծակի ըմբոստություններն էին, որոնք առաջ կբերեին պահապաններու կողմե խստություններու կրկնապատկում, և ատով մեր այցելությունները կդժվարանային չափազանց:

Օր մը, երբ զապթիեին ստիպումներուն վրա կաճապարեինք մեկնելու, հանկարծ անկյունե մը մեկը գոչեց.

- Գիտե՞ք՝ մենք ինչո՞ւ այս պալատին մեջ ենք… կեցցե՜ հուրիե՜թը…

Բազմաթիվ հեգնական քրքիջներ պատասխանեցին իրեն ու բազմաթիվ ձայներ կրկնեցին.